ՊՆ-ը հրապարակել է Գեղարքունիքում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկարը

Գեղարքունիքի հատվածում խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3,5 կիլոմետր դեպի հյուսիս։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս»,- նշված է հաղորդագրությունում։

Նախարարությունը հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է անում չտարածել չճշտված, խուճապ առաջացնող տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով․ «ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները»,- հայտնում է ՊՆ-ը։

Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում էին ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել էին տեղային մարտեր:

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն երեք զոհ, չորս վիրավոր է ունեցել։

«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ»,- հայտարարել էր ՊՆ-ը։

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ էին շպրտվել իրենց ելման դիրքեր։

Ռուսաստանի միջնորդությամբ ժամը 10:00-ից հայ-ադրբեջանական սահմանին հաստատվել էր հրադադար։

Հուլիսի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել էր մեկ հայ զինծառայող։

Մեկնաբանել