Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերը լուրջ մտահոգություն են առաջացնում․ ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է արել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման վերաբերյալ։

«Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Կոչ ենք անում կողմերին հիմնվել վերջին մարդասիրական քայլերի վրա և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ չլուծված հարցերի խաղաղ լուծման համար»,- գրել է Անն Լինդեն։

Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում էին ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել էին տեղային մարտեր:

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն երեք զոհ, չորս վիրավոր է ունեցել։

«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ»,- հայտարարել էր ՊՆ-ը։

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ էին շպրտվել իրենց ելման դիրքեր։

Ռուսաստանի միջնորդությամբ ժամը 10:00-ից հայ-ադրբեջանական սահմանին հաստատվել էր հրադադար։

Հուլիսի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել էր մեկ հայ զինծառայող։

Հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ։

Մեկնաբանել