ԱԺ-ը վերջին նիստում քրեականացնում է հայհոյանքը՝ սահմանելով մինչև 3 մլն դրամ տուգանք

7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 30-ին, վերջին նիստում քննարկեց Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով ծանր վիրավորանքը քրեականացվում է։ Օրենսդրական փոփոխությունը նախաձեռնել է իշխող «Իմ քայլը» խմբակցույթունը։

«Այս նախագիծը կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա ու մեր հասարակության մեջ հայհոյանքը, արժանապատվությանը առավել ծանր վնաս հասցնող երևույթ պետք է վերացվի»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց նախագծի համահեղինակներից Վլադիմիր Վարդանյանը։

Փաստաթղթի նախանական տարբերակը սահմանում է, որ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, այսինքն՝ 100-500 հազար դրամով։

Բացի այդ, նախատեսվում է, որ վերոնշյալ արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է հրապարակային եղանակով կամ էլ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է 500 հազարից 1 մլն դրամի չափի տուգանքով։

Եթե այս գործողությունները միևնույն անձի նկատմամբ պարբերաբար են կատարվել, ապա տուգանքը 1-3 մլն դրամ է կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով։

Ըստ փոփոխության՝ «հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Նախագծի բովանդակությանը դեմ էին նաև իշխանական մի շարք պատգամավորներ, նրանցից Նիկոլայ Բաղդասարյանը, դիմելով Վլադիմիր Վարդանյանին, հայտնեց, որ նախագիծը «խուճուճ կերպով է գրված», այդ թվում՝ պարզ չեն օգտագործված հասկացությունները. «Օրինակ՝ «հայհոյանք» ասելով՝ ի՞նչ եք հասկանում, Աճառյանի բառարանում «հայհոյանքը» մարդու նկատմամբ հայտնած ցանկացած սուտ տեղեկությունն է, մինչդեռ Դուք խոսում եք սեռական հայհոյանքի մասին։ Մյուս դեպքում, անպարկեշտ վիրավորանքի մասին եք խոսում, ո՞նց եք պատկերացնում՝ դատավորը ինչպե՞ս է որոշելու նախադասությունը անպարկեշտ է, թե ոչ»։

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ստիպված է իր գործընկերոջը պատասխանել «շատ պարզ և պրիմիտիվ եղանակով», նրա կարծիքով՝ «Հայաստանի իրավապահ, դատական մարմիններն ու յուրաքանչյուր քաղաքացի, շատ լավ կարողանում է տարբերել հայհոյանքի և այլ վիրավորանքի շեմը»։

Նախկին իմքայլական, ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն ասաց, որ նախագիծը իր նպատակին չի կարող ծառայել։ Ըստ նրա՝ «այսօր խորհրդարանն պարզապես ժամանակ է տրամադրում մի բանի, որը ոչ մի տեղ չի տանելու ու շեղում է այն թեմաներից, որոնք ավելի կարևոր են, օրինակ՝ անվտանգության հարցը»։

Հայհոյանքը քրեականացնող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց, երկրորդ ընթերցումը նախատեսված է այսօր։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել