Ո՞րն է արցախյան պետության մոդելը

Իմ գործընկեր Հայկ Ղազարյանը նորերս փորձել է Արցախի նախագահի աշխատակազմից տեղեկություններ ստանալ պետական աշխատողների քանակի վերաբերյալ։ Լրագրողին շատ ուշ են պատասխանել, իսկ տեղեկություններ, ըստ էության, չեն տրամադրել.

«Հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակը և ծագած տարբեր բարդ խնդիրները՝ այս պահին չենք կարող բավարարել ձեր խնդրանքը և տրամադրել համապարփակ տեղեկատվություն Արցախում պետական աշխատողների քանակի վերաբերյալ»։

Արցախյան դասական պատճառաբանություն։ Ու պատերազմն այստեղ քիչ կապ ունի, քանի որ տեղեկատվության մատչելիության լուրջ խնդիրներ եղել են նաև մինչ այդ։ «Ղարաբաղ Տելեկոմի» օրինակն այս առումով ամենախոսունն է։ Եթե ժամանակին մի քանի գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չէին կարողանում գործադիրից ձեռք բերել ընկերության և կառավարության միջև կնքված պայմանագիրը, հիմա էլ արցախյան հանրությունը չի կարողանում պարզել, թե այժմ ում է պատկանում կապի այս օպերատորը և ինչպես է կառավարվում, ընդհանրապես՝ ինչ է ներկայում կատարվում այնտեղ։

Ինչ որ է, գործընկերոջս չհաջողվեց պարզել պետական-կառավարման համակարգի ուռճացվածության մակարդակը։ Թեև դժվար չէ ենթադրել։ Նորերս այդ թեմայով հարցին պատասխանելիս Արցախի ղեկավարներից մեկն ասել էր, որ խորհրդարանի ամեն մի պատգամավոր պետք է ունենա վճարովի օգնական, որովհետև, ուշադրություն դարձրեք, «էսօր բարձրագույն կրթությամբ բավականաչափ մարդիկ անգործ մնացել են դրսում»։ Այսինքն, ոչ թե նախանշվում է կոնկրետ հաստատության նոր ծանրաբեռնվածությունն ու աշխատանքի նոր ծավալը և դրանից բխեցվում նոր ռեսուրսների ներգրավումը, այլ պարզապես զբաղվածության հարց է լուծվում։ Եվ սա շատ խորհրդանշական օրինակ է։

Այս միգուցե մասնավոր դեպքն ըստ ամենայնի խոսում է կադրային քաղաքականության ու պետական կառավարման համակարգի, ինչպես նաև ընդհանրապես պետության նախընտրելի մոդելի շուրջ մեր պատկերացումների մասին։ Զարգացած երկրներում աշխատող ժողովուրդն է պահում պետական կառավարման համակարգը։ Մեզ մոտ հակառակն է՝ պետական կառավարման համակարգի ներսում է ապահովվում աշխատանք ու զբաղվածություն։ Պետական կառավարման համակարգը վերածվել է աշխատանքի տեղավորման բյուրոյի։ Պետական այսպիսի մոդելը, այսպիսի պետությունը չի կարող մրցունակ ու կենսունակ լինել։ Իսկ ի՞նչ մոդել է դա։

Պայմանականորեն ասած՝ դա պահեստ-պետությունն է։ Ստանում ու մուտքագրում են փող ու պաշտոն, «պադավատի» մեքենա ու սիրուհի, «աբյեկտ» ու բնակարան, պարենամթերք ու հագուստ, վարկ ու բիզնես, ՀԿ-ներ ու կուսակցություններ, դիպլոմ ու կարիերա, մեդալ ու շքանշան, դիվանագիտական անձնագիր և ուղեգիր, պատվոգիր ու կոչում, հնարավորություն ու շանս, հույս ու երազանք, սեր և խարդավանք, քեֆ-ուրախություն, վիշտ ու թախիծ, և այլն, և այլն, միով բանիվ՝ ամեն ինչ։ Ու բաժանում, բաշխում են։ Մի դռնով մտնում՝ մյուսով դուրս է գալիս այս ամենը։ Երկրի նախագահն էլ (իշխանությունը), պայմանականորեն ասած, պահեստապետն է։ Ստանում ու բաժանում է։ Ահա և վերջ՝ ինչպես ասվում է հայտնի երգում։

Պահեստում ոչինչ չի ստեղծվում, գրեթե ոչինչ։ Պահեստը արտադրամաս չէ, գիտական լաբորատորիա չէ, կրթարան չէ, արվեստանոց չէ։ Պահեստում մտքի, գաղափարի, փորձի ու գիտելիքի կարիք չկա։ Պահեստում կատարողի կարիք կա միայն։ Սիմոն, տա՛ր։ Սիմոն, բե՛ր։ Սիմոն, մի՛ տար, բայց գրիր, որ տարել ես։

Պետական կառավարման համակարգը, պայմանականորեն ասած, դարձել է օազիս։ Իսկ օազիսն անապատում է լինում։ Չկա անապատ՝ չկա օազիս։ Որպեսզի օազիս լինի՝ տարածքի մյուս մասը պիտի, պայմանականորեն ասած, անապատացվի։ Անապատը խիստ անհրաժեշտ է օազիսի համար։ Այս օազիսն էլ դառնում է երիտասարդ սերնդի կյանքի նպատակ, մտքի թռիչքի գագաթնակետ։ Մի պահ փորձեք պատկերացնել, թե որքան միտք ու գաղափար, ջանք ու եռանդ, խանդավառություն ու երևակայություն է խամրում այս համակարգում, որտեղ նշածս հատկանիշների կարիքը չկա։ Մինչդեռ այդ հատկանիշները կարող են սարեր շուռ տալ համակարգից դուրս՝ եթե անհրաժեշտ պայմաններ ապահովվեն։

Իմ գործընկերոջ նշյալ հարցումին տրված պատասխանում մի շատ խորհրդանշական նախադասություն էլ կա՝ «Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով մենք ունենք հազարավոր տեղահանվածներ, որոնց թվում են շատ պետական աշխատողները»։ Տողատակին փաստորեն ասվում է, որ այդ մարդկանց համար պիտի ապահովվի նույն հնարավորությունը՝ պետական պաշտոնը։ Որովհետև նրանք այլևս այլ բանի պիտանի չեն։ Ու սա մի իսկական ողբերգություն է։

Պետական համակարգում հայտնված մարդիկ, հատկապես երիտասարդները, զրկվում են ինքնադրսևորվելուց, խիզախումից, կայանալուց, ստեղծելուց-արարելուց։ Որովհետև շանսը միայն այդ համակարգում է։ Փողը այդ համակարգում է։ Համակարգից դուրս փող չկա։ Մինչդեռ երկրի բյուջեն բոլորինն է և պիտի բոլորի համար հնարավորություն ապահովի, բոլորին շանս տա։ Իրենց ուզած տեղում, իրենց ուզած գործում։ Պատկերավոր ասած՝ փողը պիտի մեջտեղ դրվի։

Սոսկ մի օրինակ։ Պետությունը պահում է մի թատրոն, պետական թատրոն՝ երկար տարիներ ու տասնամյակներ շարունակ։ Բայց կարող է, օրինակ, համընդհանուր պետպատվեր ձևակերպել, ասենք՝ տարեկան 10 ներկայացում, նշելով նաև հյուրախաղերի ցանկալի աշխարհագրությունը՝ գյուղական գոնե խոշոր բնակավայրերը հաշվի առնելով։ Ու գումարը դնել «մեջտեղ»։ Բոլորի համար։ Կարգին գումար։ Ու բաշխել մրցույթով։ Կստեղծվեն նոր թատերախմբեր, կլինի մրցակցություն, մրցույթին կմասնակցեն նաև Հայաստանից ու սփյուռքից, մշակութային կյանքը կաշխուժանա։

Պետք է զարկ տալ փոքր ու միջին բիզնեսին, ձևավորել միջին խավ, ներդնել ինքնակազմակերպման մեխանիզմներ, խրախուսել նախաձեռնողականությունը։ Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ գրեթե չեղան ինքնակազմակերպման հաջող օրինակներ։ Որովհետև առաջնորդային հատկանիշներ ունեցող և ինքնուրույն անհատները տարիներ ու տասնամյակներ շարունակ լուսանցքայնացվել են։ Ու արմատավորվել է «գազոնը»։

Սա ուղղակի անվտանգության խնդիր է։

Մեկնաբանել