Եվրոպական խորհրդարանի զեկուցողները դատապարտում են Ադրբեջանից հնչող «հրահրիչ հայտարարությունները»

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցերով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցերով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու բախումների մասին»։

«Մենք ցավում ենք, որ հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զորքերի հետ բախումներում երեք հայ զինծառայող է զոհվել այն բանից հետո, երբ հայկական դիրքերը և մի քանի գյուղեր, ինչպես հաղորդվում է, գնդակոծվել են վաղ առավոտից։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։ Ցավոք, դա վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք միջադեպերից կամ սադրանքներից միայն վերջինն է, ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ներխուժումից Հայաստանի տարածք: Վերջերս Նախիջևանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունը, որտեղ ևս մեկ հայ զինվոր էր զոհվել, պակաս տագնապալի չէր։

Մենք կոչ ենք անում երկու կողմերին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և զերծ մնալ ցանկացած սադրանքներից։ Սահմանի վերաբերյալ ցանկացած հնարավոր տարաձայնություն պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում, այլ ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների միջոցով։ Բոլոր ուժերը պետք է նահանջեն մինչև մայիսի 12-ի գծերը՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։

Իրավիճակի լարվածության թուլացման համար չափազանց կարևոր է, որ հրահրիչ հռետորաբանությունն անհապաղ դադարեցվի։ Այս համատեքստում մենք դատապարտում ենք, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, այսպես կոչված, «արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության տարածքի մասին հղումները՝ որպես ադրբեջանցիների «նախնիների հող»: Նման հայտարարությունները չափազանց անպատասխանատու են և սպառնում են էլ ավելի քայքայել տարածաշրջանային անվտանգությունը։

Մենք հիշեցնում ենք, որ ԵՄ-ն հավատարիմ է վստահության ամրապնդման միջոցներին աջակցելուն և բանակցությունների սեղանի շուրջ ցանկացած հարցի լուծմանը, այդ թվում՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման բանակցությունների վերսկսման և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի միջոցով»:

Մեկնաբանել