Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը կշարունակի մնալ որպես խափանման միջոց

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը կշարունակի մնալ որպես խափանման միջոց, Վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորման դեմ Մինասյանի փաստաբանների բերած բողոքը։ Այդ մասին տեղեկացնում են Պետեկամուտների կոմիտեից։

Միքայել Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել 2020-ի մայիսին՝ ապօրինի հարստացման ու փողերի լվացման հատկանիշներով։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ Մինասյանը որպես պաշտոնատար անձ թաքցրել ու չէր հայտարարագրել նաև հայտարարագրման ենթակա մեծ թվով գույքեր։ Մինասյանը ներկայում հետախուզվում է։

Ըստ ՊԵԿ-ի՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր է համարել Մինասյանին մեղսագրվող մեղադրանքի հիմնավոր կասկածի ու կալանավորման հիմքերի առկայությունն ու հունիսի 10-ին որոշում կայացրել Մինասյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը. «Հիշյալ դատական ակտը Մ.Մինասյանի պաշտպանների կողմից կրկին բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, որը, քննելով ներկայացված բողոքը և բողոքի դեմ՝ նախաքննական մարմնի ու քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի առարկությունները, 29.07.2021թ.-ին որոշում է կայացրել պաշտպանների կողմից բերված բողոքը մերժելու և Երևան քաղաքի առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին»,- տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Գործի նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել