2020-ի արցախյան պատերազմի ավարտից անցել է ութ ամիս։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ հրապարակումներ, քննարկումներ և վերլուծություններ են արվել պատերազմի պատճառների և դրա կանխման հնարավորությունների վերաբերյալ։ Հասկանալի է, որ 1920-ից ի վեր հայության ամենածանր պարտությունը մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի՝ դասեր քաղելու և ապագայում նմանատիպ սխալներից խուսափելու համար։ Սակայն այս գործընթացին զուգահեռ անհրաժեշտ է նաև գնահատել առկա իրավիճակն ու հետագա զարգացումները՝ պատերազմից հետո Արցախի մնացած հատվածի աստիճանական հայաթափումն ու կորուստը կանխելու նպատակով։ Այս ուղղությամբ կատարվելիք առաջին քայլը մի քանի իրողությունների արձանագրումն է։
- Արցախում հայերը կշարունակեն ապրել այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում տեղակայված են ռուսական զորքեր։ Այս իրավիճակը կարող է փոխվել միայն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը ունենա համապատասխան կարողություններ և ցանկություն՝ ինքնուրույն ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը Ադրբեջանի զինված ոտնձգություններից։ Պատերազմից հետո անցած ութ ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել։ Սա վկայում է այն մասին, որ առնվազն առաջիկա տարիներին Հայաստանը չի վերականգնելու Արցախի անվտանգության երաշխավորի իր դերը, և ռուսական զորքերի դուրսբերումն Արցախից միանշանակ հանգեցնելու է արագ տեմպերով Արցախի հայաթափմանը։
- 2020-ի նոյեմբերի 10-ից հետո ստեղծված ստատուս-քվոյի պահպանումը բավարար չէ Արցախից հայության հեռացումը կանխելու համար։ Ռուսական զորքերն ապահովում են հայերի ֆիզիկական անվտանգությունը, չնայած այստեղ ևս ամեն ինչ միանշանակ չէ, ինչի ապացույցն են գրեթե ամեն օր Շուշիից արձակվող կրակահերթերը, հայերի ավտոմեքենաների քարկոծումը և այլ դեպքեր։ Սակայն նույնիսկ ֆիզիկական անվտանգության լիակատար երաշխավորումը չի կարող նվազագույն բավարար պայման լինել Արցախից արտագաղթի կանխման համար։ Ապագայի վերաբերյալ որոշակիության իսպառ բացակայությունը (Արցախի կարգավիճակ, ռուսական զորքերի տեղակայման ժամկետներ, տնտեսական զարգացման հեռանկարներ), օբյեկտիվ պայմաններ են ստեղծում Արցախից արտագաղթի տեմպերի ավելացման համար։ Մինչ այժմ Հայաստանի իշխանությունների և Սփյուռքի տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող քայլերը, որոնք սահմանափակվում են Արցախին ֆինանսական հատկացումների տրամադրմամբ (աշխատավարձերի, թոշակների, զանազան նպաստների վճարում, նոր բազմաբնակարան շենքերի և մասնավոր տների կառուցում), ի վիճակի չեն կանխել Արցախից արտագաղթի աստիճանական մեծացումը։ Դրանք կարող են Արցախում պահել միջին և ավագ սերնդին, որոնք օբյեկտիվորեն ավելի քիչ շարժունակ են և հակված են մնալու Արցախում, սակայն բավարար չեն երիտասարդներին Արցախում պահելու համար։ Որոշ գործիչներ Արցախից հայության արտագաղթը կանխելու հույսը կապում են Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Ըստ նրանց տրամաբանության՝ Ռուսաստանը թույլ չի տա Արցախում հայ բնակչության թվաքանակի նվազում, որպեսզի հիմքեր ունենա 2025-ի նոյեմբերից հետո Արցախում իր ռազմական ներկայության պահպանման համար։ Իհարկե, դժվար է միանշանակ գնահատել Ռուսաստանի շահերն ու հետագա քայլերն Արցախում, սակայն անհնար է պնդել, որ Ռուսաստանի համար Արցախում հայության թիվը (լինի դա 90 000, թե 40 000) կենսական նշանակություն ունի։ Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի նպատակն Արցախում հնարավորինս երկար ժամանակով ռազմակայան ունենալն է, սակայն դա ուղղակիորեն չի վկայում Արցախում հայ բնակչության ներկա թվաքանակի պահպանման խնդրում Ռուսաստանի շահագրգռության մասին։ Ռուսաստանը կարող է համաձայնության գալ Ադրբեջանի հետ Արցախում 2025-ից հետո իր ուժերի տեղակայման հարցում, և այդ դեպքում նույնիսկ 20 000 հայությունը կարող է բավարար լինել ռուսական զորքերի սպասարկման համար։
- Արցախի վերջնական կորուստը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մարզերի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող ճնշման ուժեղացմանը։ Պետք չէ ակադեմիական գիտելիքներ ունենալ աշխարհաքաղաքականությունից, միջազգային հարաբերությունների տեսությունից, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության դինամիկայից և Ադրբեջանի ու Թուրքիայի արտաքին քաղաքականությունից հասկանալու համար, որ Ադրբեջանը և Թուրքիան կանգ չեն առնելու ո՛չ Սյունիքում, ո՛չ Տավուշում, ո՛չ Գեղարքունիքում, ո՛չ Վայոց Ձորում և ո՛չ էլ Արարատում։ Հետևաբար, Արցախի կորուստն էականորեն մեծացնելու է Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքները՝ էլ ավելի շոշափելի դարձնելով Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի վերացման հեռանկարը։ Արցախի կորստի հետ հաշտվող կամ այդ կորուստը որպես կատարված փաստ ընդունող ցանկացած ռազմավարություն ընդամենը մոտեցնելու է Հայաստանի Հանրապետության կործանումը:
Ստեղծված իրավիճակը պահանջում է մի շարք կոնկրետ քայլերի իրականացում։ Կան ծրագրեր, որոնք կարող են իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, այդ թվում՝ Արցախի տարածքի պաշտպանության ներառում ՀՀ զինված ուժերի ռազմական պլաններում, Արցախի կարգավիճակի հստակեցման ուղղությամբ ռազմավարության մշակում և իրականացում։ Դժվար է հստակ ասել՝ արդյոք Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները մտադիր են ձեռնամուխ լինել այդ քայլերի իրականացմանը։ Սակայն նույնիսկ այս հարցի բացասական պատասխանը չի նշանակում, որ Արցախի հայաթափումն ու կորուստը կանխորոշված է։
Արցախի կորստի հետ հաշտվող կամ այդ կորուստը որպես կատարված փաստ ընդունող ցանկացած ռազմավարություն ընդամենը մոտեցնելու է Հայաստանի Հանրապետության կործանումը
Ակնհայտ է, որ առկա են ծրագրեր, որոնք կարող են իրականացվել հայության ակտիվ հատվածի կողմից՝ առանց ՀՀ իշխանությունների ներգրավման։ Աշխարհում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում ապրող մոտ տասը միլիոն հայության ոչ բոլոր ներկայացուցիչներն են պատրաստ քայլեր ձեռնարկել Արցախի հայաթափումը կանխելու ուղղությամբ, սակայն նույնիսկ մի քանի հարյուր հազար ակտիվ զանգվածը կարող է ստեղծված իրավիճակում էական դեր ունենալ։
Արցախից հայության արտագաղթի տեմպերի նվազեցման համար առաջնահերթության կարգով անհրաժեշտ է իրականացնել մի քանի քայլեր․
1) Արցախում ենթակառուցվածքների, առաջին հերթին խմելու և ոռոգման ջրի մատակարարման բարելավում, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մի շարք գետերի հունը փոխելու և Արցախում ջրի ճգնաժամ ստեղծելու ռազմավարությունը։
2) Նոր այնպիսի աշխատատեղերի ստեղծում, որոնք հնարավորինս համահունչ կլինեն Արցախի գրավված տարածքներից տեղահանված և ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներ տեղափոխված մարդկանց գիտելիքներին և աշխատանքային փորձին։
3) Արցախի բնակիչների համար աշխատանքի դիմաց հավելավճարների մեխանիզմի ներդրում ։ Ընդ որում հավելավճարները պետք է տրվեն աշխատանք ունեցող և աշխատավարձ ստացող անձանց։ Դա չպետք է լինի գումար ոչնչի դիմաց, քանի որ այն խիստ բացասական հետևանքներ կարող է թողնել մարդկանց հոգեբանության և ընկալումների վրա։ Արդեն իսկ արցախցիների մի մասին ամսական 68 000 դրամ նպաստի տրամադրումը որոշակի խնդիրներ է առաջացնում, այդ թվում՝ մշտական նպաստառուի հոգեվիճակի ձևավորման առումով։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նույն աշխատանքի դիմաց անձը պետք է ավելի շատ վարձատրվի Արցախում, քան Երևանում կամ հայ-ադրբեջանական սահմանից համեմատաբար հեռու տեղակայված այլ բնակավայրերում։
4) Արցախից հայության հեռացումը կանխելու կամ առնվազն դրա տեմպերը նվազեցնելու համար էական նշանակություն կունենա նաև Արցախի՝ հայության ուշադրության կենտրոնում լինելու հանգամանքի ընդգծումը։ Դրան կարելի է հասնել Արցախ հնարավորինս շատ այցելություններ կազմակերպելով, ընդ որում ինչպես Սփյուռքից (Արցախի վիզաների տրամադրման դեպքում), այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից։ Նույնիսկ կարճաժամկետ այցելությունները Արցախ (2-3 օր տևողությամբ) ոչ միայն որոշակի աշխուժություն կմտցնեն Արցախի տնտեսությունում, այլև արցախցիների շրջանում կնվազեցնեն լքված լինելու զգացողությունը։
Այս խնդիրների լուծումը պահանջում է ֆինանսական հավելյալ միջոցներ, ընդ որում՝ անհրաժեշտ են կայուն հոսքեր, այլ ոչ թե մեկանգայմա նվիրատվություններ։ Այստեղ էական նշանակություն ունի Արցախի իշխանությունների քաղաքականությունը։ Վերջիններս պետք է ոչ միայն աշխատեն ՀՀ իրենց գործընկերների հետ, այլ մշակեն մեխանիզմներ աշխարհի հայության ակտիվ հատվածի հետ ուղիղ երկխոսություն իրականացնելու համար։
Հայության տարբեր հատվածների հետ շփվելու համար անհրաժեշտ է մշակել ինչպես համապատասխան հաղորդակցային մեխանիզմներ, այնպես էլ թիրախային ուղերձներ։ Ուղերձները պետք է հստակ ներկայացնեն այն մեխանիզմները, որոնցով տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող և հայության խնդիրներով մտահոգ հայերը կարող են աջակցել Արցախին։ Հասկանալի է, որ Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում բնակվող խոշոր գործարարները և Շվեդիայում կամ Ֆրանսիայում բնակվող միջին խավի ներկայացուցիչները տարբեր հնարավորություններ ունեն Արցախին օժանդակելու համար, և նրանց անհրաժեշտ է ներկայացնել իրենց հնարավորություններին համապատասխան մեխանիզմներ։
Թվային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս Արցախի իշխանություններին ուղիղ կապի դուրս գալ հայության տարբեր հատվածների հետ յուրաքանչյուր լսարանի համար հստակ մշակված առանձին ուղերձներով։ Նշված չորս խնդիրների լուծման ուղղությամբ Արցախի իշխանությունները պետք է շարունակեն ակտիվ շփումները նաև Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների հետ։ Հայաստանից Արցախ կարճաժամկետ այցելությունները խթանելու համար կարելի է թիրախային օգտագործել սոցփաթեթների՝ հանգստյան համար նախատեսված գումարները կամ սուբսիսադավորել հյուրանոցային և տրանսպորտային ծախսերը։
Հասկանալի է, որ ներկայացվող առաջարկները չեն կարող լիովին լուծել Արցախից հայ բնակչության արտահոսքը դադարեցնելու խնդիրը, սակայն այս հարցերի շուրջ քննարկումների ծավալումը կարող է դառնալ Արցախի նախիջևանացումը կանխող երկար ճանապարհի առաջին քայլը։