Զինծառայողը, նախնական տվյալներով՝ մահացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արցախում հայտնաբերված անհայտ հանգամանքներում զորամասը լքած զինծառայող Պարգև Մարգարյանը, ըստ նախնական տվյալների՝ մահացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով:

«2021թ. հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի մշտական տեղակայման վայրից մոտ 1,5 կիլոմետր հեռավորությամբ՝ անտառում, հայտնաբերվել է հուլիսի 29-ին զորամասն ինքնակամ թողած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պարգև Նվերի Մարգարյանը՝ աջ դաստակի ամպուտացիա, կրծքավանդակի և որովայնի շրջանների մահացու վնասվածքներով: Ըստ նախնական տվյալների՝ Պ.Մարգարյանը վնասվածքներն ստացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով»,- ասվում է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեկան գործ՝ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 1,5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել էր անհայտ հանգամանքներում զորամասը լքած զինծառայող Պարգև Մարգարյանի դին։

Մեկնաբանել