Նիկոլ Փաշինյանի գլխավոր սխալները Արցախյան հիմնահարցում մինչպատերազմյան փուլում

Նիկոլ Փաշինյանը՝ Ստեփանակերտում․ 05.08.2019։

Հայաստանի իշխանությունները Ղարաբաղյան երկրորդ պատերազմում աղետալի պարտությունից հետո օրինաչափորեն հայտնվել են հանրային լրջագույն քննադատության թիրախում: Հայաստանի քաղաքական դաշտի ու քաղաքացիական հասարակության գրեթե բոլոր դերակատարները վերջին ամիսների ընթացքում մատնանշում էին 2018-ից Նիկոլ Փաշինյանի կառավարության թույլ տված այն սխալները, որոնք, ըստ իրենց, պատերազմի և պատերազմում Հայաստանի ձախողման պատճառն էին: Այս քննարկումներն ու քննադատությունները սակայն հաճախ ոչ ռացիոնալ բնույթ են կրում, ունենում են դավադրապաշտական երանգներ և տեղավորվում են հերոս-դավաճան պարզամիտ դիխոտոմիայի տրամաբանության մեջ:

Հայոց պատմության այս դժվարին շրջափուլում առաջին հերթին անհարժեշտ է անաչառ և առանց ավելորդ հուզականության առանձնացնել և վերլուծել պատերազմին նախորդած կարճ ժամանակահատվածում ՀՀ գործող իշխանությունների սխալները, բաղթողումները, թերությունները և մոլորությունները Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Սա թույլ կտա համպատասխան հետևություններ անել և միգուցե դասեր քաղել ոչ վաղ անցյալի փորձից:

Այս հարցում ամենահիմնարար խնդիրը, որը հետագա բոլոր սխալների պատճառն է դարձել, Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի մոտ արտաքին քաղաքականության, Ղարաբաղյան հակամարտության ու բանակցային գործընթացի, ինչպես նաև ռազմական ոլորտին առնչվող թեմաների վերաբերյալ լուրջ տեղեկությունների ու գիտելիքների բացակայությունն էր: Սա ինչ-որ չափով օբյեկտիվ իրողություն էր, քանի որ իշխող թիմի անդամները տարիներ շարունակ կենտրոնացած էին ներքին գործընթացների և քաղաքական ակտիվիզմի վրա: Այնուամենայնիվ, այս հանգամանքը որոշիչ նշանակություն է ունեցել իրավիճակի սխալ գնահատման ու պատերազմի վտանգի թերագնահատման հարցում: Փաշինյանի քաղաքական թիմում չի եղել մի գործիչ, որը տիրապետում էր բանակցային գործընթացի պատմությանն ու առանձնահատկություններին: Հատկանշական է, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել էր դիվանագետ, որը ԱԳՆ համակարգում մինչ այդ այլ ուղղություններով էր աշխատում, բավականին թույլ էր տիրապետում ղարաբաղյան թեմատիկային և աչքի չէր ընկնում նախաձեռնողականությամբ:

Այս հանգամանքը նպաստում էր իշխող թիմի մոտ հակամարտության վերաբերյալ պատրանքների ձևավորմանը: Այսպես, Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանի և նրա թիմակիցների մոտ կար համոզմունք, թե Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները կարող են լուրջ փոփոխություններ մտցնել բանակցային գործընթացի օրակարգի և բովանդակության մեջ: Սա, մասնավորապես, երևում էր հրապարակային հայտարարությունների մակարդակում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային այլ կարևոր դերակատարների համար, սակայն, Հայաստանում ժողովրդավարության կայացման խնդիրը իր կարևորությամբ զգալիորեն զիջում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Պատահական չէ, որ հետհեղափոխական շրջանում միջազգային հեղինակավոր պարբերականներում ակտիվորեն առաջ էր մղվում այն պատումը, որ Հայաստանի իշխանությունների ժողովրդավարական լեգիտիմությունը պետք է օգնի Երևանին գնալ ցավոտ զիջումների:

Պատերազմին նախորդած երկու տարվա ընթացքում իշխող թիմը բանակցային գործընթացում չի կարողացել օպտիմալ մարտավարություն ընտրել, որը թույլ կտար Հայաստանին ժամանակ շահել և ավելի ամուր դիրքերից խոսել Բաքվի հետ: Փաշինյանի կառավարության քայլերն ու ազդակները շատ հաճախ իրավիճակային էին ու հակասում էին միմյանց: Հակամարտության կարգավորման վերաբերյալ Փաշինյանի կողմից առաջ քաշվող թեզերը զուրկ էին բովանդակությունից: Հայաստանի վարչապետը ականջահաճո ձևակերպումներ էր հնչեցնում, որոնք, սակայն, հաճախ ուտոպիստական էին և համահունչ չէին ղարաբաղյան խաղաղ գործընթացի տրամաբանությանը: Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար Ղարաբաղի հարցի ընդունելի լուծման մասին փաշինյանական հայտնի բանաձևը վերոնշյալի վառ օրինակն էր: Այն զուրկ էր բովանդակությունից, հակասում էր փոխզիջումային լուծման տրամաբանությանը և օգտակար էր միայն քարոզչական նպատակների համար:

Փաշինյանի կառավարության քայլերն ու ազդակները շատ հաճախ իրավիճակային էին ու հակասում էին միմյանց: Հակամարտության կարգավորման վերաբերյալ Փաշինյանի կողմից առաջ քաշվող թեզերը զուրկ էին բովանդակությունից: Հայաստանի վարչապետը ականջահաճո ձևակերպումներ էր հնչեցնում, որոնք, սակայն, հաճախ ուտոպիստական էին և համահունչ չէին ղարաբաղյան խաղաղ գործընթացի տրամաբանությանը

Ղարաբաղյան համատեքստում իշխանությունների ամենագլխավոր սխալներից մեկը այն էր, որ նրանք չկարողացան համազգային նշանակության այս հարցը դիտարկել նախկինների դեմ պայքարի տրամաբանությունից դուրս, ինչը արտահայտվում էր երկու դրսևորումներով:

  1. Նիկոլ Փաշինյանը փաստացիորեն հրաժարվեց Արցախյան հիմնահարցում Հայաստանի բանակցային ժառանգությունից` նշելով, որ բանակցությունները պետք է սկսվեն զրոյական կետից: Այդ ժառանգությունը 2018-ին, անշուշտ, ծանր էր, սակայն հայկական դիվանագիտությունը վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում ունեցել էր նաև ձեռքբերումներ, որոնց վրա հիմնվելով պիտի փորձ կատարվեր շարժվել առաջ: Զրոյական կետից բանակցություններ սկսելու փորձերը՝ ա) անիրատեսական էին և անընդունելի միջազգային հանրության համար, բ) չէին կարող նպաստել Հայաստանի համար ավելի բարենպաստ փաստաթղթի ի հայտ գալուն: Նիհիլիստական այս մոտեցման փոխարեն անհրաժեշտ էր բանակցել սեղանին դրված փաստաթղթի շուրջ և փորձել այն ավելի նպաստավոր դարձնել հայկական կողմերի համար: Ադրբեջանը այդ փաստաթղթի որևէ տարբերակ չէր ստորագրի, քանի որ Բաքվում վաղուց հարցը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքական որոշում էր կայացվել: Սակայն դա Հայաստանին հնարավորություն կտար ինչպես ժամանակ շահել, այնպես էլ խուսափել միջազգային ճնշումից` այն ուղղելով դեպի Ադրբեջան:
  2. Արցախյան հիմնահարցը ՀՀ նախկին իշխանությունների հետ հեռակա բանավեճի առանցքային թեմա դարձնելը մեկ այլ բացասական հետևանք է ունեցել: Հակադիր ճամբարներից հնչող մեղադրանքները հերքելու համար Նիկոլ Փաշինյանը հաճախ պոպուլիստական հայտարարություններ էր անում, որոնք զգալիորեն թուլացնում էին Հայաստանի դիրքերը: Սրա մեջ պատասխանատվության իրենց հսկայական բաժինը ունեն նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք լավատեղյակ լինելով, թե ինչ փուլում և վիճակում է գտնվում բանակցային գործընթացը, հեղափոխությունից անմիջապես հետո սկսեցին Փաշինյանին մեղադրել տարատեսակ դավադրապաշտական ծրագրեր իրականացնելու մտադրության մեջ: Այնուամենայնիվ, իշխանությունները միշտ պետք է ընդդիմությունից ավելի հասուն գտնվեն, քանի որ ավելի մեծ պատասխանատվություն են կրում երկրի ապագայի համար:

Այս բոլոր խնդիրները շարունակում են գոյություն ունենալ նաև հետպատերազմյան փուլում: Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում մինչ այսօր չկան գործիչներ, որոնք լիովին տիրապետում են Ղարաբաղյան հակամարտության թեմատիկային և այս հարցում առաջ շարժվելու վերաբերյալ տեսլական ունեն: Նմանատիպ անիրազեկությունը նորանոր սխալների պատճառ է դառնալու: Ներքաղաքական նպատակներով Արցախյան հիմնահարցի շահարկումները պատերազմից հետո նոր թափ են ստացել և իրենց գագաթնակետին էին հասել նախընտրական շրջանում: Այսպիսի իրավիճակում չափազանց դժվար է լինելու դրական տեղաշարժեր ունենալ և լուծումներ գտնել ղարաբաղյան համատեքստում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների համար: