Այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է

Հուլիսի 11-ին աշխարհի քաղցրասերները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը: Տոնը 1995թ․ հիմնել են ֆրանսիացիները:

Շոկոլադն առաջին անգամ պատրաստած ացտեկներն այն կոչում էին «աստվածների կերակուր»: Ավելի ուշ քացրավենիքի այս տեսակը Եվրոպա ներմուծած իսպանացի նվաճողներն այն անվանում էին «սև ոսկի» և օգտագործում ֆիզիկական ուժերն ամրապնդելու և օրգանիզմի դիմացկունությունը բարձրացնելու նպատակով:

Միջնադարյան Եվրոպայում շոկոլադը «շրջանառվում էր» միայն ազնվականության շրջանում: Եվրոպացի բարձրաշխարհիկ կանայք այն համարում էին աֆրոդիզիակ: 20-րդ դարասկզբին արտադրական շոկոլադի ի հայտ գալու շնորհիվ այն սկսեցին վայելել նաև «հասարակ մահկանացուները»:

Ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ շոկոլադն ունի հանգստին ու հոգեբանական վերականգնմանը նպաստող բաղադրիչներ: Շոկոլադի մուգ տեսակը նպաստում է էնդորֆինների՝ «երջանկության հորմոնների» արտանետմանը, որոնք ներազդում են ուղեղի հաճույքի կենտրոնի վրա, բարձրացնում են տրամադրությունն ու պահպանում օրգանիզմի բարձր տոնուսը:

Կա նաև տեսություն, ըստ որի՝ շոկոլադն ունի հակաքաղցկեղային հատկություն և դանդաղացնում է ծերացումը:

Սակայն մեկ հարցում գիտնականները միակարծիք են. շոկոլադը չի նպաստում մարմնի քաշի նվազեցմանը, քանի որ այն հարուստ է սննդարար նյութերով և ճարպերով, հետևաբար նաև՝ կալորիաներով: