Վրաստանում ադրբեջանցի ակտիվիստ Բակիխանովի առեղծվածային մահվան հետքերով

Հուլիսի 29-ին ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին ֆեսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որի համաձայն՝ Թբիլիսիում բնակվող ադրբեջանցի ակտիվիստ Հուսեյն Բակիխանովին սպանված են հայտնաբերել:

Բակիխանովը սույն թվականի մայիսին ձերբակալվել էր Բաքվում և 15-օրյա վարչական կալանքից հետո լքել Ադրբեջանը: Ըստ Բակիխանովի՝ ոստիկանները իրեն բռնության էին ենթարկել և սպառնացել բռնաբարել, որից հետո նա հաստատվել էր Թբիլիսիում և քաղաքական ապաստան հայցել:

Սպանությունից օրեր առաջ Բակիխանովը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել մի խումբ ադրբեջանցիներ: Մուխթարլին պնդում է, որ Բակիխանովին ցած են նետել բարձրահարկ շենքից: Խոսքը Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի մասին է: Ըստ հյուրանոցի փաստաբանի՝ Բակիխանովը հյուրանոցում աշխատելու համար է գտնվել այնտեղ, աշխատակիցները նրան և մի խումբ այլ անձանց ծանոթացրել են աշխատանքային պայմաններին: Այդ ընթացքում նա բարձրացել է տանիք, երբ աշխատակիցները նկատել են, որ Բակիխանովը չկա, սկսել են փնտրել և գտել են տանիքում: Ըստ փաստաբանի՝ Բակիխխանովն իրեն տանիքից ցած է նետել աշխատակիցների ներկայությամբ:

Վրաստանում ամենահայտնի հասարակական կազմակերպություններից մեկի՝ «Սոցիալական արդարության կենտրոնի» ներկայացուցիչ Թամթա Միքելաձեն ՍիվիլՆեթին պատմեց, որ անձամբ է խոսել հյուրանոցի աշխատակիցների հետ։ Նրանք ասել են, որ ցած նետվելուց հետո Բակիխանովը ողջ է եղել, իսկ ոստիկանությունն ու շտապ օգնությունը ուշացումով են տեղ հասել: Ականատեսները նաև չեն կարողացել հստակ ասել՝ ակտիվիստը հինգերորդ հարկից է ցած ընկել, թե տանիքից:

Կոնֆլիկտաբան Գիորգի Կանաշվիլին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է, որ քանի դեռ չի ավարտվել հետաքննությունը, կոնկրետ մեկնաբանություն անելը դժվար կլինի, սակայն ինչ վերաբերում է ադրբեջանցի իրավապաշտպաններին կամ ընդդիմադիրներին, ապա, ըստ Կանաշվիլիի, նրանք խնդիրներ են ունենում ոչ միայն Ադրբեջանում, այլ դրա սահմաններից դուրս:

«Դրա օրինակներից մեկն է Մուխթարլիի գործը: Մարդը Թբիլիսիում էր և միանգամից հայտնվել է Բաքվում: Սա վախեցնող պատկեր է: Մարդիկ (ադրբեջանցի այլախոհները – խմբ.), որոնք այստեղ են և Ադրբեջանում հանցագործություն են արել, դա այլ հարց է: Սակայն մարդիկ, որոնք իրենց լրագրողական կամ այլ գործունեության համար խնդիրներ են ունենում, նրանց Ադրբեջանին հանձնելը կտրականապես պետք է դադարեցնել»-, ասում է Կանաշվիլին:

Թամթա Միքելաձեն նույնպես սպասում է հետաքննության ավարտին: Դրա հետ մեկտեղ, ըստ Միքելաձեի, Վրաստանը կորցրել է տարածաշրջանում ժողովրդավարական կենտրոնի դերը:

«Ցավոք, 2016 թվականից ադրբեջանցի այլախոհները Թբիլիսիում սկսեցին խնդիրներ ունենալ: Վրաստանը նրանց հրաժարվում էր կացության վկայական կամ քաղաքական ապաստան տալ: Մեկ տարի անց տեղի ունեցավ Աֆգան Մուխթարլիի առևանգումը, որից հետո ադրբեջանցի այլախոհների մեծ մասը հեռացել է Վրաստանից, սակայն Վրաստանը նրանց համար խնդիրներ էր առաջացնում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք գտնվում էին երկրից դուրս։ Հիմնականում, Վրաստանը նրանց չէր թողնում վերադառնալ՝ սահմանին արգելքներ սահմանելով»,- ասում է Միքելաձեն և հավելում, որ, Վրաստանը այս հարաբերություններում չի պահպանել «ժողովրդավարական կենրոնի» դերը:

Ադրբեջանցի այլախոհների հետ կապված թերևս ամենաաղմկոտ գործը Աֆգան Մուխթարլիի առևանգումն էր: 2017 թվականին Ադրբեջանից Թբիլիսի տեղափոխված լրագրողին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնից և տարել Բաքու, որտեղ նրան ազատազրկել էին 6 տարով: Բանտից դուրս գալուց հետո Մուխթարլին ադրբեջանցի այլ այլախոհների նման այլևս չի վերադաարձել Վրաստան և այժմ բնակվում է Գերմանիայում:

Հատկանշական է, որ Բակիխանովի սպանություն/ինքնասպանությունը տեղի է ունեցել հուլիսի 14-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել ավելի քան երկու շաբաթ անց՝ Մուխթարլիի միջոցով:

Վերջինս չպատասխանեց ՍիվիլՆեթի նամակներին, սակայն, վրաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ չի հավատում Վրաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկատվությանը, թե Բակիխանովը ինքնասպանություն է գործել։ «Սա արդեն երրորդ դեպքն է, երբ ադրբեջանցի քաղաքական փախստական է մահանում արտերկրում»,- ասում է լրագրողը:

Մեկնաբանել