Մարտակերտում խոշոր ՀԷԿ կկառուցվի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ օգոստոսի 2-ին քննարկվել են էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմից։

Հաղորդագրությունում նշվում է, որ Արցախը մինչև 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիան էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ էր, նույնիսկ արտահանում էր էլեկտրաէներգիայի որոշակի ծավալ։

«Արցախի բռնազավթված տարածքներում է մնացել մեր էներգետիկ հզորությունների զգալի մասը, և Արցախն արտահանող երկրից վերածվել է ներկրողի: Ստեղծված պայմաններում Արցախի տնտեսության վերականգնումը, մեր կենսագործունեությունը մեծապես կախված են էներգետիկ հնարավորություններից: Ուստի, էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու և տնտեսության զարգացումը խթանելու նպատակով որոշել ենք կառուցել նոր խոշոր ՀԷԿ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

17,6 մեգավատ հզորությամբ «Գետավան-1» հիդրոէլեկտրակայանը կառուցվելու է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում: Շուրջ 25 մլն դոլար արժեքով նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, սակայն դրան միանալու հնարավորություն կունենան նաև այլ ներդրողներ:

Մեկնաբանել