«Հայաստան» դաշինքն ԱԺ նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու հարցով կդիմի ՍԴ

«Հայաստան» դաշինքը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրությունն անվավեր ճանաչելու հարցով կդիմի Սահմանադրական դատարան։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտումներով։

«Չի կարելի ընտրություն անցկացնել՝ բացառելով մյուս թեկնածուների մասնակցությունը և համարել, որ այդ ընտրությունները նորմալ, հավասար միցակցային պայմաններում են եղել։ Պատկերացրեք, ոնց որ գնան Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) գրանցելու թեկնածուներին, ԿԸՀ-ն գրանցում է թեկնածուին, բայց իրեն թույլ չեն տալիս, որ մասնակցի քարոզարշավին։ Այսինքն, ԱԺ-ն առաջին նիստին հաստատում է, որ այդ անձինք պատգամավոր են, բայց պատգամավորի լիզորությունները կասեցվում են ըստ էության, սա աննորմալ վիճակ է։ Մենք ՍԴ-ից պահանջելու ենք այս հարցի պատասխանը՝ այն, ինչը անհեթեթ կերպով դատախազությունն է մեկնաբանում, որ պատգամավորի անձեռնմխելիությունը հաղթահարել է ԿԸՀ-ն։ Պատգամավորի անձեռնմխելիությունը կարող է հաղթահարել միայն Ազգային ժողովը»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արմեն Ռուստամյանը։

Օգոստոսի 3-ին Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ալեն Սիմոնյանը։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրել էր Մեղրիի նախկին կալանավորված քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Սիսիանի կալանավորված քաղաքապետ Արթուր Սարգսյանին։

Մեկնաբանել