Քարտային տոմսավորման հնարավորություն, տեսախցիկներ և USB վարդակներ. ինչ ավտոբուսներ են Չինաստանից գալիս Երևան

Հուլիսի 31-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ «պատվիրած 211 ավտոբուսներն Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան»:

Այս ավտոբուսները քաղաքապետարանը գնել է բաց մրցույթներով՝ երկու պայմանագիր կնքելով չինական «ZHONGTONG BUS HOLDING CO. LTD» ընկերության հետ։ Մրցույթին մասնակցել է նաև երկու ընկերություն՝ «Ռեգնում» ՍՊԸ-ն՝ Ռուաստանից և Բելառուսից «МАЗ»-ը, սակայն նրանք ավելի թանկ առաջարկ են ներկայացրել։

Պայմանագրերից առաջինը կնքվել է 2021-ի ապրիլի 20-ին, արժեքը ավելի քան 7 մլրդ դրամ է, իսկ երկրորդը՝ մայիսի 25-ին՝ 2,2 մլրդ դրամ։ Պայմանագրերի գինը ներառել է վաճառողի կողմից կատարվելիք բոլոր ծախսերը, այդ թվում՝ հարկերը, տուրքերը, փոխարդումը և այլ ծախսերը։

Կնքված առաջին պայմանագրով գնվել է 161 ավտոբուս․ միավորը՝ ավելի քան 44 մլն դրամ արժողությամբ։ Այս գնի մեջ, ինչպես վերը նշել ենք, ներառված են նաև վաճառողի մյուս ծախսերը, մյուս պայմանագրով ձեռք է բերվել 50 ավտոբուս։

Ավտոբուսների առավելագույն արագությունը 80կմ/ժ է, ըստ պայմանագրի՝ դրանք ունեն 22+1 նստատեղեր, ինչպես նաև առնվազն 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորություն։ Ավտոբուսներն ունեն անվասայլակի թեքահարթակ:

Ավտոբուսներում ուղևորասրահի տեսահսկման 3 տեսախցիկ է առկա՝ յուրաքանչյուր դռան և ճանապարհի տեսահսկման համար։

Ի թիվս այլոց, մատակարարը ապահովել է նաև քարտային տոմսավորման համար նախատեսված սարքերն ու հարմարանքները։ Ավտոբուսի մեջ լինելու են առնվազն 10 հատ USB հեռախոսի լիցքավորման վարդակներ։

Դեռևս այս տարվա փետրվարին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ «աշնանը ցանկանում են ներդնել էլեկտրոնային վճարման համակարգը, և այդ համակարգը ներառելու է այս պահին աշխարհում գործող վճարման բոլոր տեսակները»:

Խոսելով նոր ավտոբուսներից՝ նա նաև նշել էր, թե դրանց դիմավորելու համար մեզ պետք են կայաններ, որոնք այս պահին կառուցվում են. «Խոսքը երկու կայանների մասին է. Ջրվեժինը վերակառուցվում է, երկրորդը Շիրակի փողոցում է, որը զրոյից կառուցվելու է»,- հայտնել էր քաղաքապետը:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել