Հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայելու ուղղությամբ գործնական աշխատանք է տարվում․ Կոպիրկին

Հայ-ադրբեջանական սահմանին ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայելու՝ Փաշինյանի առաջարկի վերաբերյալ գործնական աշխատանք է տարվում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Այդ գաղափարը (Փաշինյանի առաջարկը – խմբ․) Սյունիքի մարզում մասնակիորեն իրագործվել է, որտեղ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված, ի հավելումն, այսպես ասենք, այն ծառայությունների վայրի, որոնք ավանդաբար ռուս սահմանապահներին են վերապահվել։ Հիշեցնեմ, դա Իրանի և Թուրքիայի հետ սահմանն է։ Ինչ վերաբերում է մյուս խնդրահարույց տարածքներին, ապա միայն կարող եմ ասել, որ այդ խնդիրները քննարկվում են ռուսական կողմի հետ ակտիվ մասնակցությամբ։ Մենք հասկանում ենք այդ խնդրի ամբողջ կարևորությունը։ Ռուսական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել, բայց դա այն հարցն է, որը դեռ եռակողմ ձևաչափով լրացուցիչ քննարկման կարիք ունի։ Այդպիսի աշխատանք տարվում է, գործնական աշխատանք»,- ասել է դեսպանը։

Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանից լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ անձնակազմ, որպեսզի սահմանապահները Սյունիքի խնդրահարույց շրջաններում տեղակայվեն․ «Մասնավորապես, այնտեղ, որտեղ սահմանը, ճանապարհը, այսպես ասած, երկու տարածքներով է անցնում»,- նշել է նա։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտնել է, որ հունիսին այցելել է Սյունիքի մարզ՝ ռուս և հայ սահմանապահների հենակետեր, զրուցել է նրանց և տեղի բնակիչների հետ․ «Հասկացել եմ, թե որքան կարևոր է ռուս սահմանապահների ներկայացությունը, ռուսական դրոշի ներկայությունը, որպեսզի պահպանվի կայուն իրավիճակը, որ ինչ-որ միջադեպեր չլինեն։ Գործնականում դա հաջողվում է իրականացնել, այդ թվում՝ եթե ինչ-որ կենցաղային հարցեր, խնդիրներ են ծագում, ապա ռուս սահմանապահները ներգրավվում են դրանց լուծմանը»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։

Հուլիսի 29-ին կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայումը՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները ռազմական բախումներից զերծ պահելու նպատակով։

Մեկնաբանել