Ապատեղեկատվության հետընտրական դադար․ Շաբաթվա ֆեյքերը

Հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո հայաստանյան մեդիադաշտում հարաբերական անդորր տիրեց՝ անկում ապրեց լսարանի հետաքրքրությունը լուրերի նկատմամբ, պակասեցին ներքաղաքական թեմաներով սենսացիոն վերնագրերը լրատվամիջոցներում, շեշտակի նվազեց Հայաստանին վերաբերող հրապարակումների քանակը Տելեգրամում։

Ընտրություններից երկու օր անց ակտիվությունը դադարեցրեց տելեգրամյան Մեդիապորտ ալիքը, որը հաճախ աչքի էր ընկնում կեղծ, սենսացիոն, մանիպուլյատիվ հրապարակումներով և ասես դարձել էր տելեգրամյան ապատեղեկատվական հոսքերի առաջատարը։ Նույն օրերին հաստատելով տեղեկությունները, թե ընտրություններում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներում դժգոհ են իրենց քաղտեխնոլոգների աշխատանքից, ֆեյսբուքից իր օգտահաշիվը ջնջեց Մեդիապորտ տելեգրամյան ալիքի հետ կապեր ունեցող Նարեկ Մալյանը։

Հետընտրական հիասթափությունը միակ գործոնը չէր, որ ազդեց ապատեղեկատվության հոսքի վրա։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման թիմը, միանալով Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրին, հունիսի 1-ից սկսել է ստուգել սոցիալական այդ ցանցում տարածված կեղծ լուրերը և դրանք պիտակավորել ֆեյսբուքյան մեթոդաբանության համաձայն՝ որպես «Կեղծ», «Խմբագրված», «Մասամբ կեղծ» և մի շարք այլ պիտակներով։ Նմանօրինակ պիտակներ ստացած էջերի համար դա մեծ գլխացավանք դարձավ․ Ֆեյսբուքը նա՛խ ապատեղեկատվության մասին զգուշացում էր տեղադրում և սահմանափակում էր տվյալ գրառման տարածումը, իսկ, օրինակ, «Հրապարակ» օրաթերթի ֆեյսբուքյան էջի դեպքում, ինչպես պարզվեց, նաև տվյալ էջին զրկում էր սոցցանցում գովազդ տեղադրելու միջոցով գումար վաստակելու հնարավորությունից։ Միայն հունիս ամսվա ընթացքում Media.am-ի ստուգումների արդյունքում Ֆեյսբուքը պիտակավորել է ավելի քան 500 ապատեղեկատվություն պարունակող հրապարակում՝ զգալիորեն սահմանափակելով կեղծ լուրերի տարածումը սոցցանցում։

Իհարկե, այս ծրագիրը ամբողջությամբ չի լուծում ապատեղեկատվության խնդիրը։ Ամենամեծ սահմանափակումը թերևս այն է, որ Ֆեյսբուքը թույլ չի տալիս ստուգել քաղաքական գործիչների գրառումները՝ պնդելով, որ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան առանց խոչընդոտի շփվել իրենց ընտրած պաշտոնյաների հետ, իսկ վերջիններս էլ պետք է պատասխանատու լինեն իրենց ասածների համար։ Մինչդեռ 44-օրյա պատերազմն ու կովիդյան ժամանակաշրջանը ցույց են տվել, որ Հայաստանում հաճախ մանիպուլյատիվ կամ սխալ տեղեկատվություն տարածում են հենց պաշտոնյաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Իհարկե, միամիտ կլիներ մտածել, որ ապատեղեկատվության հոսքը Հայաստանում սահմանափակվում է միայն ներքաղաքական զարգացումներով։ Մեր մեդիադաշտի վրա ազդում են ապատեղեկատվական հոսքերը թե՛ Ադրբեջանից ու Թուրքիայից, թե՛ Ռուսաստանից և ԱՄՆ-ից և թե՛ զանազան շահեր ներկայացնող մեծուփոքր խմբերից։

Եվ եթե Ֆեյսբուքում այժմ գոնե գործում է ստուգման մեխանիզմը, Յություբում կամ Թիքթոքում ուղղակի ինչ-որ զուգահեռ իրականություն է տիրում։ Ասվածն ապացուցելու համար պետք չէ հեռու գնալ՝ դասական օրինակ է յություբյան PerfectTV ալիքը, որի ցանկացած տեսանյութ տասնյակ հազարավոր դիտումներ է ունենում։ Վերջին օրերին Ադրբեջանի հետ սրված սահմանային բախումներն էլ ազատ ստեղծագործելու առիթ են տվել այս ալիքին․ այստեղ հանդիպում ենք սենսացիոն վերնագրեր՝ «Պատերազմը սկսվեց. Նիկոլը գաղտնի հրաման տվեց ողջ զորքին», «Մակրոնը ողջ զորքով գալիս է Հայաստան. Ժամեր անց Բաքուն օդ կթռչի» և այլն։

Սահմանային վերջին բախումների մասին ապատեղեկատվությունը միայն Յություբում չէ, որ տարածվում է։ Օրինակ՝ հուլիսի 20-ին Iravaban.net կայքը, հղում տալով Տեղ համայնքի ղեկավարին, գրել էր, որ Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական նոր սահման է գծվել, և որ ադրբեջանական կողմին է անցել հայկական կողմին պատկանող շուրջ 2 կմ տարածք։ Փաստերի ստուգման հարթակը՝ FIP.am-ը, խոսել էր Տեղի համայնքապետ Ներսես Շադունցի հետ, որը հերքել էր այդ լուրը՝ պնդելով, թե նման բան չի ասել, ընդամենն ասել է, որ 2կմ երկարությամբ սահմանազատման աշխատանք է արվել, հայկական կողմից էլ հող չի զիջվել։

Հուլիսի 24-ին տարաբնույթ սունկ կայքերում, ֆեյսբուքյան և յություբյան ալիքներում հրապարակվեց տեսանյութ՝ «Հայ զինվորները ադրբեջանցու են գերեվարել» վերնագրով։ Media.am-ի թիմը, ուսումնասիրելով տեսանյութը, պարզեց, որ իրականում այն համացանցում տարածվում է ամիսներ շարունակ և հետևաբար վերջին օրերի սահմանային բախումների հետ կապ չունի։

Տարատեսակ մեկնաբանությունների և մանիպուլյացիաների թեմա դարձավ նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթի՝ հուլիսի 23-ի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ դեսպանն ասել էր, թե Ֆրանսիան պատրաստ կլինի քննել հայկական իշխանությունների կողմից իրենց ուղղված ռազմական հայտերը, սակայն շեշտել էր․ «Իհարկե, պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ՝ Հայաստանն ու Ֆրանսիան միևնույն ալեանսի անդամներ չեն․ մեր դերը ապագա պատերազմին պատրաստվելը չէ, մեր դերը նոր հակամարտություններից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելը»։ Մինչդեռ շատ լրատվականներ, ենթատեքստից կտրելով դեսպանի խիստ զգուշավոր խոսքերը, տարածում էին «միայն ռազմական օգնության հայտերը» քննարկելու պատրաստակամության մասին ձևակերպումը, թեմայով սեփական մեկնաբանություններով հանդես եկան, մասնավորապես, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Ազգային-ժողովրդավարական բևեռի ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Մեր լրատվադաշտ պարբերաբար ներթափանցում է ապատեղեկատվություն նաև հարևան երկրներից։ Սահմանային շարունակվող լարվածության ֆոնին հայկական լրատվամիջոցները հուլիսի 28-ին, հղում անելով ադրբեջանական կայքերին, գրեցին, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը Բաքվում հայտարարել է, թե Թուրքիան մտադիր է Ադրբեջանի հետ համատեղ թյուրքական բանակ ստեղծել։

Fip.am-ն ուսումնասիրել է թեման և պարզել, որ ապատեղեկատվությունը հիմնականում տարածվել էր «Սպուտնիկ Ադրբեջան» կայքից, որը հետագայում հերքել էր այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ թարգմանչական սխալ է տեղի ունեցել և որ սխալմունքի սկզբնաղբյուրը Oxu.Az գործակալությունն էր։

Այս և նմանատիպ հրապարակումները գալիս են ապացուցելու՝ Հայաստանում ապատեղեկատվությունը գալիս է տարբեր ուղղություններով, այն ռեգիոնալ բնույթ է կրում, ներքաղաքական բնույթ է կրում, և սպասել հանգիստ կյանքի չի ստացվելու։ Միակ լուծումն է՝ լինել զգոն և լինել մեդիագրագետ։

Մեկնաբանել