Մարդու իրավունքների պաշտպանն ու նախագահը քննարկել են սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Ըստ հաղորդագրության՝ նախագահն ու մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` կապված սահմանային բնակչության իրավունքների խախտումների հետ:

«Արման Թաթոյանը նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների, բողոքների քննության արդյունքները: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքներով շարունակաբար խախտվում են Հայաստանի սահմանային համայնքների բնակիչների իրավունքները: Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրահրում են հրաձգություններ, իսկ ՀՀ զինված ուժերը կատարում են բնակչության պաշտպանության գործառույթ»,- ասվում է հաղորդագրությունում։

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից այդ խախտումների փաստերն արդեն իսկ ներկայացվել են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։

Մեկնաբանել