Չօգտագործվող տարածքները, որտեղ երկու պատ կա, պետք է տիրազուրկ ճանաչել․ Արցախի նախագահ

Oգոստոսի 3-ին աշխատանքային այցով Արայիկ Հարությունյանը եղել է Մարտակերտի շրջանում: Մարտակերտցիների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահը խոսել է ոռոգման, ասֆալտապատման և այլ ծրագրերի մասին: Հատկապես հուզական ելույթ է ունեցել կիսակառույց շինությունների վերաբերյալ:

«Դեռ տարիներ առաջ եմ ասել՝ չօգտագործվող տարածքները, որտեղ երկու պատ կա՝ պետք է տիրազուրկ ճանաչել և այդ նույն տարածքներում բնակարանաշինություն զարգացնել, որպեսզի չգնանք նոր տարածքներ փնտրենք: Հիմա՝ լավ, մենք Մարտակերտը թողենք ավերակների մե՞ջ: Ամեն անգամ շատ ծանր եմ ապրում, ոչ միայն այսօր, այլ մինչև պատերազմը, որ տեսնում եմ այդ ավերակները: Ժամանակ եմ տալիս ձեզ, եթե չսկսեք այդ պրոցեսը, ապա անձամբ ես եմ զբաղվելու ձեզանով բոլորովդ, բոլոր համայնքի ղեկավարներին է վերաբերում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը է՛լ ավելի ջղային տոնով ու Ղարաբաղի բարբառով ասել է գրեթե նույնը. «Երկու պատը գրկել ու պահում են, համայնքի ղեկավար, զգուշացնում եմ, չես կարողանում՝ դիմում գրի ու դուրս եկ: Բոլորիդ է վերաբերում: Երկիրը կորցել ենք, երկու պատը գրկել ու մարդկանց դրսերում ենք թողել: Զգուշացնում եմ՝ մարդիկ տուն չունեն, մենք ասում ենք՝ մարդիկ չգաղթեն, տուն սարքեն, մեզ հետ ապրեն: Չէ՛, պատի փողի մասին եք մտածում: Հադրութ քաղաքան ենք կորցրել, Տող գյուղն ու Չանախչի (Ավետարանոց) են կորցրել, մեր մելիքանիստերը: Մեր եկեղեցիներն ենք կորցրել, երկու պատի վկայական եք վերցրել, թե՝ մեր սեփականությունն է: Եթե ինքը ավերակ է՝ վկայական թե առանց վկայական… Մի հատ տեսննենք՝ ովքեր են: Շրջվարչակազմի ղեկավար, էդ մարդկանց զրկում ես՝ դպրոցի ուսուցիչ է, դպրոցից ազատում ես, վարչակազմի աշխատող է, վարչակազմից ազատում ես, բանակի ծառայող է, բանակից ազատում ես, սովորական քաղաքացի է՝ զրկում ես սոցիալական ծրագրերից: Լավ, դրա՞ն գնանք մենք»:

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավանեսյանն էլ հայտարարել է, որ այդ շինությունների սեփականատերերը այնտեղ ապրող մարդիկ են, տեղացի են:

Շարունակելով նույն թեման, Արայիկ Հարությույանն կոչ արեց, որ մարդկանց տեր կանգնենք. «Դրա փոխարեն Ստեփանակերտում վարձն են շատացնում: Տեր չենք կանգնում, չենք էլ օգնում, մի հատ էլ պիտի օգնենք՝ պատերը շուտ դնի»:

Հարությունյանը աշխատանքային այցի ժամանակ խոսել է նաև ոռոգման ծրագրի մասին, որ մեկ-երկու ամիս անց վերջնական պատկեր կունենանք: Ասֆալտապատման վերաբերյալ Հարությունյանը հայտարարել է, որ մինչև 2022 թվականը բոլորը ճանապարհները ասֆալտապատվելու են. «Այսինքն բոլոր գյուղերը ասֆալտապատ ճանապարհով մայրուղու հետ կապված են լինելու: Իսկ շրջանում երկու քարհանք արդեն աշխատում է: Բացի դրանից, երկու կարևոր ճանապարհ՝ Ստեփանակերտ-Մարտակերտ-Դամիրլու (Ծաղկաշեն) -Կիչան հատվածը, որը կարճացնելու է ճանապարհը Ստեփանակերտից Մարտակերտ գնալու առումով: Նաև պլանավորում ենք Վաղուհաս-Վանք հատվածի ասֆալտապատումը: Այսինքն՝ Վաղուհասից Վանք ունենալու ենք ասֆալտապատ ճանապարհ անտառի միջով»:

Ինչ վերաբերում է բնակարաշինությանը, Հարությունանի խոսքով՝ ընդհանուր մինչև 100 մլրդ դրամ պետք է ուղղել ոլորտ, որպեսզի տեղահանված անձինք բնակարանով ապահովվեն։

Մեկնաբանել