«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չընտրվեց խորհրդարանի փոխնախագահ

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չընտրվեց խորհրդարանի փոխնախագահ, թեև իշխող մեծամասնությունը քվեարկությունից առաջ խոստացել էր անհրաժեշտ ձայներն ապահովել վերջինիս համար։

Քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, որոնցից մեկը եղել է անվավեր, Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը։

Ավելի վաղ խորհրդարանի փոխխոսնակներ էին ընտրվել «Քաղաքացիական պայմանագրից» Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը։ Այժմ, ըստ ընթացակարգի, «Հայաստան» դաշինքը նոր թեկնածու պիտի առաջադրի, ու կազմակերպվի նոր քվեարկություն։

«Հայաստան» դաշինքի անունից խոսելով՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ նորից առաջադրելու են Սաղաթելյանին։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից Վահագն Ալեքսանյանը Օհանյանին հարցրեց՝ ինչո՞ւ իրենց խմբակցության պատգամավորներից մեկը չի մասնակցել քվեարկությանը։ Օհանյանը պարզաբանեց, որ «այդ պատգամավորը հարգելի պատճառներով բացակա է»։ Բացակա պատգամավորը «Հայաստան» դաշինքից Դավիթ Սեդրակյանն է։

Մեկնաբանել