Արցախի նոր ՀԷԿ-ն ու էներգետիկ անբավարարությունը

Արցախում 17,6 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կկառուցվի՝ 25 մլն դոլար արժողությամբ: «Գետավան-1» ՀԷԿ-ը կառուցվելու է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում: Նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով: Այդ մասին Մարտակերտ կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այն առաջին փուլում իրականացնելու է Արցախի ներդրումային հիմնադրամը, իսկ որոշ ժամանակ անց դառնալու է բաց բաժնետիրական, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան դառնալ բաժնետեր, փայատեր: Ինչո՞ւ ենք դա անում: Որովհետև եթե մինչև 2022 թվականի նոյեմբերը չկարողանանք մենք էլեկտրաէներգիա արտադրող աղբյուր ունենալ, 2022 թվականի ձմեռը կունենանք հովհարային անջատումներ: Որովհետև այս հզորությունները, այն գիծը, որ ունենք Բերձորով եկող՝ բավարար չէ ձմեռը ամբողջությամբ հոսանք մատակարարելու համար»,- նույն հանդիպմանը ասել է Արայիկ Հարությունյանը:

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնագրի արդյունքում մի շարք ՀԷԿ-եր հայտնվել էին Ադրբեջանի տարածքում. 36 հէկերից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

17,6 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-ը թերևս ամենահզորը կլինի Արցախի՝ երբևիցե գործող փոքր ՀԷԿ-երից (Արցախի ամենախոշոր ՀԷԿ-ը «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող 50 Մվտ հզորությամբ գործող «Սարսանգն» է): Նախկինում Արցախում ամենահզոր փոքր ՀԷԿ-ը Շահումյանի շրջանում 2019 թվականի դեկտեմբերից գործող «Էլիտ հիդրո»-ն էր:

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կայքի համաձայն՝ ներկայում Արցախում գործում է 7 ՀԷԿ, և Թարթառ գետի վրա կառուցվում է 11,562 Մվտ հզորությամբ մեկ ՀԷԿ («Ջի Էներջի» ՍՊԸ-ին պատկանող «Թարթառ 2» ՀԷԿ-ը): Ինչպես նաև «Արցախ ՀԷԿ» ընկերությունը Հաթերքում պիտի 1,089 Մվտ հզորությամբ արևային կայան կառուցեր: Սակայն, հաշվի առնելով «Արցախ ՀԷԿ» ընկերության փետրվարի 9-ի գրությունը՝ հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել կառուցվող «Հաթերք Սոլար» անվամբ արևային կայանը:

Ներկայում գործող 7 ՀԷԿ-երից երկուսը գտնվում է Քաշաթաղի շրջանում՝ Լաչինի միջանցքում: Դրանցից մեկը Աղավնո գետի վրա («Սյունիք-3»), մյուսը՝ Հակարի («Լուսին»): Քաշաթաղ Արցախի ամենահէկաշատ շրջանն էր, իսկ Աղավնոն՝ ամենահէկաշատ գետը: Քաշաթաղի շրջանում էր գտնվում Արցախի 31 գործող ՀԷԿ-ից 16-ը, և կառուցվում է ևս 9-ը: Աղավնոյի վրա գործում էր 9 ՀԷԿ, ևս երկուսը կառուցվում էր։ Վերջին տարիներին հէկաշինությունը զարգանում էր նաև Շահումյանի (Քարվաճառի) շրջանում. 7-ը գործում էր, 7-ն էլ կառուցվում էր: Այս երկու շրջանները հայտնի են հարուստ ջրային պաշարներով:

Մարտակերտի Գետավան համայնքից բացի, Արայիկ Հարությունյանը խոսել է մեկ այլ՝ ավելի ծախսատար ու խոշոր ՀԷԿ-ի մասին, որը պլանավորված, բայց ժամանակավորապես հետաձգված նախագիծ է: Այն պետք է գործի Սարսանգ-Մատաղիս հատվածում՝ 25 Մվտ հզորությամբ և 40-45 մլն դոլար ներդրումային ծավալով:

Հիշեցնենք, որ 2018 թվականից էներգետիկ առումով Արցախը ինքնաբավ էր դարձել, իսկ տարեցտարի աճող ավելցուկը արտահանվում էր Հայաստան. 2018-ին արտահանվել է 17,2 մլն կվտ/ժ, 2019-ին՝ 85,7 մլն կվտ/ժ, 2020-ին՝ 186,4 մլն կվտ/ժ:

Արցախը էլեկտրաէաներգիա արտահանող երկրից վերածվել է ներմուծողի: Իսկ ի՞նչ ծավալի էլեկտրաէներգիա է ներկրել Արցախը պատերազմից հետո: Այդ պատասխանն ստանալու համար ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին:

Հայկ Ղազարյան