Երբ ԱԺ ղեկավար կազմն ունի բացառապես տղամարդու դեմք ․․․

Նոր ձևավորվող ՀՀ կառավարության և Ազգային ժողովի նախագահության կազմի գենդերային պատկերը հուշում է, որ մենք դեռ երկար ենք խոսելու կանանց քաղաքական մասնակցության կարևորության մասին։

Փաստացի, 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահության կազմում բացառապես տղամարդիկ են, այն դեպքում, երբ հանրությունը արդեն ընտելացել էր ԱԺ կին փոխխոսնակ տեսնելուն․ սկսած 2007-ից ՀՀ ԱԺ-ում մշտապես կին փոխխոսնակ է եղել, իսկ այժմ այդ ընթացքը խզվել է, և ՀՀ ԱԺ նախագահությունը բացառապես տղամարդկանց դեմքերով է հանդես գալիս։ Տղամարդիկ են ղեկավարելու նաև խմբակցությունները, որոնցում, ի դեպ, կանանց թիվն առաջին անգամ ավելի է, քան Ընտրական օրենսգրքի պահանջը։

8-րդ գումարման Ազգային ժողովի 107 պատգամավորից 36-ը կին է, այսինքն՝ 33,6%-ը, որն ավելի է, քան ՀՀ ընտրական օրենսգրքի 30/70 հարաբերակցության պահանջը։

Այսպիսով, կանանց առավել մեծ ընդգրկվածությամբ ԱԺ-ն բացառում է կանանց ղեկավար դիրքերում, չնայած առաջին անգամ ոչ միայն կատարում, այլև գերակատարում է քվոտայով սահմանված պահանջը։

Ինչ վերաբերում է կառավարության կազմում կանանց ներառմանը, ապա պահպանվում է մեկ կին նախարարի պորտֆելը՝ ՀՀ առողջապահության նախարարինը։

Դե 2019-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում մի գրառում էր արել՝ որպես ձեռքբերում-առաջընթաց նշելով կանանց ներգրավվածության բարձր մակարդակը իր գլխավորած կառավարությունում՝ նախորդ կառավարությունների համեմատ։ Այդ գրառումը այնքան էլ չէր արտացոլում իրականությունը, քանի որ եղել է նաև մի ընթացք, երբ ՀՀ կառավարության կազմում միաժամանակ երեք կին նախարար է աշխատել, այդ թվում կանանց համար ոչ ավանդական համարվող արդարադատության նախարարի պաշտոնում։ Սակայն, եթե կանանց քաղաքական մասնակցության բարձրացումը կարող է ոգեշնչման աղբյուր լինել վարչապետի համար, ապա ինչու՞ է իրավիճակն այսքան անմխիթար։

Այդ հարցի պատասխանը կարող ենք ստանալ դիտարկելով կուսակցությունների իրականացրած նախընտրական քարոզարշավն ու այդ համատեքստում կանանց ակտիվությունը։

Իրականում, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում: Ըստ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային փորձագետների, օրենքի պահանջով 30% քվոտայի պարագայում, քարոզարշավի միջոցառումներում կանայք ակնհատորեն մղվել են հետին պլան՝ հազվադեպ ելույթներով: Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ դիտարկված հանրահավաքների ընթացքում 153 ելույթ ունեցողներից միայն 24-ն է եղել կին (16%), իսկ դիտարկված քարոզչական 73 միջոցառումից 51-ում (70%) կանայք ընդհանրապես ելույթ չեն ունեցել:

Դա նշանակում է, որ մեր երկրում քաղաքականությունը դեռ կնոջ տեղը չէ, կուսակցությունները տղամարդկանց ակումբներ են, և կանանց պարզապես մոտ չեն թողնում հանրային կյանքին։ Առավելապես այսօր, երբ երկիրը անցել է ծանր պատերազմի ու պարտության միջով, և մարտական տրամադրված տղամարդիկ շարունակում են առճակատումն արդեն ներքին դաշտում։ Միայն քվոտավորված ներկայությունն է խորհրդարանում մեծանում, որի ազդեցությունը ղեկավար մարմիններում անտեսանելի է։

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին, որտեղ քվոտան ընդհանրապես չի գործում, ունենք չափազանց անմխիթար պատկեր․ Հայաստանի 502 համայնքներից միայն ինը ունի կին ղեկավար, 3 784 ավագանու անդամից միայն 371-ն է կին, այն դեպքում, երբ տղամարդիկ գյուղական վայրերում զգալիորեն քիչ են, հաճախ մեկնում են արտագնա աշխատանքի, սակայն կանանց ակտիվության վերաբերյալ որոշումները կայացնում են հենց տղամարդիկ։

Ի դեպ, վերջերս, ՄԱԿ-ի հրապարակած «Կանայք քաղաքականության մեջ 2021» քարտեզում Հայաստանը հայտնվել է առանց կին նախարարների երկրների տխրահռչակ ցանկում, որոնց թվում են՝ Ադրբեջանի, Բրունեյ Դարուսսալամի, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության, Պապուա-Նոր Գվինեայի, Սենթ Վինսենթ և Գրենադինների, Սաուդյան Արաբիայի, Թաիլանդի, Տուվալուի, Վանուատուի, Վիետնամի և Եմենի կառավարությունները։

Համեմատության համար կարող եք նայել այն երկրների ցանկն ու կենսամակարդակը, որոնց կառավարություններում կանայք 50%-ից ավելի են․ Ավստրիա, Շվեդիա, Բելգիա, Կանադա, Ֆինլանդիա, Կոստա Ռիկա, Անդորա, Իսպանիա, Ալբանիա և այլն։

Փաստացի, կանանց մասնակցությունը պետության կառավարմանը լրջագույն ցուցանիշ է երկրի ժողովրդավարության և մարդու իրավունքների տեսանկյունից, և ցավալի է, որ ժողովրդավարության վերաբերյալ այսքան բարձրագոչ ճառեր արտաբերող մեր ղեկավարները այս պարզ ճշմարտությունը չեն ըմբռնում։

Մեկնաբանել