Hetq.am էլեկտրոնային կայքը հարցազրույց է հրապարակել «Վիսկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնի հետ, որը 2004-2008 թթ. Հայաստանում զբաղվել է էլիտար շենքերի շինարարությամբ: Նա այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Անդերսոնը հարցազրույցում պատմում է, թե Հայաստանում իր գործունեության ընթացքում ինչպիսի խոչընդոտների է հանդիպել և ինչպես է այդ խոչընդոտները հաղթահարել պետական բարձր ատյաններին վճարած 100-հազարավոր դոլարների հասնող կաշառքներով:
Գործարարի կոռուպցիոն պատմության գլխավոր հերոսները տարբեր ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք, Պավել Անդերսոնի հավաստմամբ, անձամբ կամ միջնորդավորված կաշառքներ են պահանջել և ստացել իրենից: Շրջանառվող անունների շարքում են Երևանի նախկին քաղաքապետ, ներկայում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և մի շարք տարբեր աստիճանի դատավորներ:
Անդերսոնը նշում է նաև այն ժամանակ դատավորների կողմից սահմանված կաշառքի մինիմալ սակագները, որոնք տատանվում էին 300-ից մինչև 5 հազ. դոլարի սահմաններում՝ կախված նրանից, թե որ դատական ատյանն են ներկայացնում դատավորները: Գործարարի հավաստիացումների համաձայն՝ հայաստանյան կոռուպցիոն համակարգի մեջ ներգրավված է եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը օրուգիշեր Սփյուռքին համոզում է գումարներ նվիրաբերել Հայաստանի շենացման համար:
Գործարարը Հայաստանի պետական ապարատում առկա կոռուպցիոն մեքենան ներկայացրել է գործողության մեջ, որից ակնհայտ է դառնում, որ այդ համակարգը աշխատում է վերևից ներքև եկող ազդակների միջոցով: Անդերսոնի նկարագրածի համաձայն՝ կոռուպցիոն մթնոլորտը երկրում խրախուսում են բարձրաստիճան պետական չինովնիկները, իսկ ներքևի օղակները պարզապես այդ համակարգի սնուցող երակներն են: Այս փաստի արձանագրումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ համատիրության հաշվապահ, քննիչ կամ բժիշկ ձերբակալելով՝ պայքար չի մղվում կոռուպցիայի դեմ, պարզապես շոուներ են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում:
Դատելով այն հանգամանքից, որ այս ընթացքում Հայաստանում կոռուպցիայի մակարդակի նվազման ցուցանիշ չի արձանագրվել, կարելի է ասել, որ ներկա իրավիճակը ոչնչով չի տարբերվում 2004-2008 թթ. իրավիճակից: Ավելին, այն պաշտոնյաները, որոնց Պավել Անդերսոնը մեղադրում է առանձնապես խոշոր չափերի կաշառակերությամբ զբաղվելու մեջ, ներկայում շարունակում են մնալ պետական ապարատի ամենավերին օղակներում:
Իրական ժողովրդավարություն ունեցող որևէ երկրում նման հայտարարությունները լուրջ հետաքննության պատճառ պետք է լինեին և հանգեցնեին ընդհուպ մինչև շոշափվող անունների հարցաքննություն և հրաժարական: Հայաստանում ոչ ոք հարկ չի համարում անգամ արձագանքել նման ծանր մեղադրանքներին:
Ուշագրավ է, որ Սքայփով հարցազրույցի իր հայտարարությունները Անդերսոնը Հայաստանի իրավապահ մարմիններին խնդրել է ընդունել որպես պաշտոնական հաղորդագրություն հանցագործության մասին:
Ծաղրանկարը՝ Վլադիմիր Աբրոյանի: