Սևանա լճից 75 միլիոն խորանարդ մետր ավել ջուր բաց կթողնվի

Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 75 միլիոն խորանարդ մետր ջրի բացթողում կիրականացնի Սևանա լճից՝ ոռոգման նպատակներով։ Կառավարությունը օրենսդրական համապատասխան փոփոխության առաջարկն ընդգրկել է օգոստոսի 6-ի նիստի օրակարգում։

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով այս տարի Սևանից ջրի բացթողումը պիտի կազմեր 170 միլիոն խորանարդ մետր, սակայն օրենսդրական փոփոխությունից հետո այն կկազմի 245 միլիոն խորանարդ»,- ասված է հիմնավորման մեջ։

Ըստ կառավարության հիմնավորման՝ ջրամբարների թերլցվածությունը օգոստոսի 1-ի դրությամբ 127,77 միլիոն խորանարդ մետր է։

«Շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել է պլանավորածից շուտ ջրի բացթողումներ»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Կառավարությունը օրենքի նախագծի ընդունումը համարել է անհետաձգելի։