Ազգային ժողովում Արցախի հարցերով հանձնաժողով չի ստեղծվի

Խորհրդարանում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով չի ստեղծվի: «Պատիվ ունեմ» դաշինքի առաջարկած նախագծին «Քաղաքացիական պայմանագիր»-ը ձեռնպահ քվեարկեց։

Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում ասաց՝ «Արցախի խնդիրը չեն իջեցնելու հանձնաժողովի մակարդակի»:

«Մենք ծայրահեղ կարևոր ենք համարում Արցախի հարցի պատշաճ քննարկումը խորհրդարանական բոլոր հարթակներում ու համարում ենք, որ այս խնդիրն ավեի բարձր է, քան այն ինջեցնելը ձեր առաջարկին»,-ասաց Վարդանյանը՝ հիշեցնելով, որ Արցախի հետ շփվելու միջխորհրդարանական ֆորմատն է գործում, որն ավելի արդյունավետ է։

Նախագծին կողմ քվեարկեց 33 պատգամավոր, ձեռնպահ՝ 68-ը։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը իր հերթին ներկայացրել էր մեկ այլ նախագիծ, որով առաջարկում էր առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովից առողջապահությունը սոցիալական հարցերից անջատել։ Այս նախագիծն ընդունվեց։

Մեկնաբանել