Microsoft-ը լուրջ հայտ է ներկայացնում պլանշետների շուկա

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է իր գործընկերներից ավելի քան 1 մլն Surface պլանշետի արտադրության քվոտա ստանալ:

Ակնկալվում է, որ պլանշետների վաճառքը կսկսվի 2012թ. հոկտեմբերին: Սա Microsoft-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ընկերությունը մրցակցության մեջ է մտնում իր գործընկերների՝ անհատական համակարգիչների արտադրողների հետ, այս մասին հաղորդում է ամերիկյան ZDNet պարբերականը :

Microsoft-ը այսպիսով լուրջ հայտ է ներկայացրել պլանշետների շուկա և մտադիր է հաջորդ տարի մի քանի միլիոն Surface վաճառել: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը Microsoft-ի գործընկերային համաշխարհային համաժողովի ընթացքում: Բալմերի կանխատեսմամբ՝ 2013թ. կվաճառվի Windows գործառնական համակարգով 375 մլն համակարգիչ:

Մի շարք փորձագետների կարծիքով՝ Microsoft-ը նախագծել է Surface-ը՝ գործառնական նոր համակարգի՝ Windows 8-ի մեծ տարածումն ապահովելու համար, որը կթողարկվի 2012թ. հոկտեմբերին: Այս համակարգով կգործեն ինչպես անհատական համակարգիչներ, այնպես էլ պլանշետներ: Փորձագետները մյուս կողմից՝ Microsoft-ին «խորհուրդ» են տալիս Surface-ի արտադրությունը դադարեցնել այն ժամանակ, երբ Windows 8-ը պլանշետների շրջանում մեծ տարածում գտնի, քանի որ ընկերությունը հնարավոր է՝ փչացնի հարաբերությունները վաղեմի բիզնես գործընկերների հետ, նշում է պարբերականը:

Մեկնաբանել