Կադրային ջարդի հրամայական Արցախում

«Վաղվա Արցախ» կուսակցության առաջնորդ Տիգրան Պետրոսյանը հուլիսի 30-ին ֆեյսբուքյան գրառմամբ արցախյան հանրությանը տեղեկացրել է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Ըստ Պետրոսյանի՝ ներկայացվել է պահանջների մի փաթեթ, որի իրականացման դեպքում կլուծվեն մի շարք խնդիրներ. «Փաթեթի մեջ առաջնային պահանջը արմատական կադրային փոփոխություններն են՝ կադրային ջարդը»։ Տիգրան Պետրոսյանի կարծիքով՝ սա միտված է «հանրային վստահության կառավարություն» ստեղծելուն, ինչի առաջնային նպատակը հանրության մեջ ապագայի հանդեպ հույս առաջացնելն է։

Դրանից մոտ երկու շաբաթ առաջ տեղի էր ունեցել նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը ընդդիմադիր դիրքորոշում ունեցող մի խումբ գործիչների հետ։ Վերջիններս ներկայացրել են առաջարկներ ու պահանջներ։ Տիգրան Պետրոսյանն այդ հանդիպման ժամանակ ասել էր, որ իր պահանջները փաթեթային են՝ միտված Արցախում ճգնաժամը հաղթահարելուն, ու առաջարկել էր առանձին հանդիպմամբ քննարկել այդ փաթեթը։ Նախագահը համաձայնել էր, ու որոշ ժամանակ անց կայացել է այդ հանդիպումը։

Տիգրան Պետրոսյանն, ընդհանուր առմամբ, լավատեսորեն է տրամադրված, թեև նրա գրառումից կարելի է ենթադրել, որ բանակցություներն այնքան էլ հարթ չեն ընթանում։ Մասնավորապես, նա ակնարկել է, որ Արայիկ Հարությունյանը փորձում է տարբեր հիմնավորումներով մեղմացնել ներկայացված պահանջները։ Չնայած դրան՝ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարը հույս ունի, որ երկրի ղեկավարը կգիտակցի պահի լրջությունն ու կգնա այդ քայլերին:

Այս ամենում ամենաուշագրավն, ըստ իս, «կադրային ջարդի» գաղափարն է։ Ոմանց շատ է դուր եկել այս օրակարգը։ Ֆեյսբուքյան օգտատերերը նույնիսկ սկսել են որոշել կադրային ջարդի առաջնահեթ ոլորտները՝ առաջարկելով սկսել, ասենք, կրթության ոլորտից։ Ոմանք էլ առաջարկում են «ջարդից» առաջ փոխել սահմանադրությունը, կրճատել պետական ապարատը։ Այս բանավեճից պարզ դարձավ նաև, որ անդրկուլիսներում խոսվում է աշնանը սահմանադրական փոփոխություններ անելու հնարավորության մասին։

Սակայն «կադրային ջարդ» ձևակերպումը ոչ բոլորին է դուր եկել։ Այսպես, նույն կուսակցության առաջնորդներից Վահրամ Ղահրամանյանը, միանշանակ ողջունելով բանակցությունները, գտնում է, որ «կադրային ջարդ» եզրույթն այնքան էլ լավ չի հնչում։ Ըստ նրա՝ անպետք, անօգուտ դիլետանտներից ազատվելը և նրանց նորմալ մասնագետներով (կադրերով) փոխարինելը, իհարկե, օրվա պահանջ է, ուստի Ղահրամանյանը փոքր-ինչ խմբագրել է պահանջը՝ «կադրային արմատական բարեփոխումներ»։

Ինչ որ է, բանակցությունների փաստը հաստատել են նաև Արցախի նախագահականում։ «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասել է. «Արցախի նախագահը հայտարարել է, որ կառավարման համակարգը բաց է քաղաքական ու հանրային շրջանակների հետ տարբեր հարցերի շուրջ քննարկումների համար։ Խոսքը բնականաբար ոչ միայն Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, այլ նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասին է։ Պարոն Պետրոսյանը «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահն է, նաև հանրային լայն շրջանակներ է ներակայացնում։ Այո՛, եղել են քննարկումներ ինչպես պարոն Պետրոսյանի համախոհների, այդպես էլ այլ շրջանակների հետ…Ինչ վերաբերում է կոնկրետ պարոն Պետրոսյանի առաջարկների փաթեթին, ապա ասեմ, որ որևէ որոշում առայժմ կայացված չէ»։

Այսպես թե այնպես, բավականին հետաքրքիր քաղաքական զարգացումներ են Արցախում սկսվել, ավելի ստույգ՝ մերձքաղաքական։ Նկատի ունեմ այն հանգամանքը, որ զարգացումները ոչ թե քաղաքական բաց ու հրապարակային օրակարգով են՝ ընտրողների հետ համաձայնեցված ու կանխատեսված, այլ, թող թույլ տրվի ասել, անդրկուլիսյան։

Կասկած անգամ չունեմ, որ Տիգրան Պետրոսյանի փաթեթում զուտ քաղաքական բաղադրիչն ըստ ամենայնի առկա է, պարզապես քաղաքական զարգացումների տրամաբանությունն ու ձևաչափը միանգամայն այլ զարգացումներ են ենթադրում։ Իսկ այսօրինակ՝ անդրկուլիսյան զարգացումների հանդեպ այն գլխից թերահավատ ու կասկածամիտ վերաբերմունք ունեմ, քանի որ դրանք կարող են ընդամենը կարճաժամկետ ու իրավիճակային լուծումներ պարունակել։ Ինչ վերաբերում է «կադրային ջարդին», ապա չեմ կարծում, թե Հարությունյանը, պատկերավոր ասած, կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է։

Էլ չեմ խոսում այն մասին, որ Արայիկ Հարությունյանն ու նրա գլխավորած իշխանությունը նման բանակցությունների ահռելի փորձ ունեն և հաստատ կկարողանան այս մի իրավիճակից էլ դուրս գալ առանց լուրջ կորուստների ու հաստատութենական (ինստիտուցիոնալ) զիջումների։ Արցախի նախագահը շատ ավելի ծանր բանակցությունների ու պայմանավորվածությունների է գնացել Սամվել Բաբայանի ու Վիտալի Բալասանյանի հետ՝ կարողանալով անսասան պահել իր դիրքերը։ Թող այս անգամ սխալված լինեմ, ու բանակցությունները լուրջ բարեփոխումների հանգեցնեն, պարզապես դրա քաղաքական անսասան հիմքը չեմ տեսնում։

Սակայն, առիթն օգտագործելով, ուզում եմ անդրադառնալ հիմնական սկզբունքային խնդրին։ Եթե Արցախի իշխանություններն անկեղծ են իրական բարեփոխումներ անցկացնելու իրենց մտադրության մեջ, ապա դրա համար անդրկուլիսյան, անջատական բանակցությունների կարիքն ամենևին էլ չկա։ Պարզապես հարկ է դասական ժողովրդավարության մեխանիզմներն արմատավորել։ Անելիքները, դասագրքային ձևակերպմամբ, հետևյալն են՝ իշխանության ճյուղերի հստակ տարանջատում, փոխզսպման արդյունավետ մեխանիզմների ստեղծում, տեղական ինքնակառավարման մարմինների զորացում և չորրորդ իշխանության կայացում։ Այս ոլորտներից ոչ մեկում իրավիճակը, մեղմ ասած, բավարար չէ։

Սակայն ժողովրդավարական քաղաքական զարգացումների ամենասկզբունքային հանգամանքն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններով իշխանության ձևավորումն է։ Հենց սա պիտի լինի գործող իշխանություններին սթափեցնող ամենակարևոր ու սկզբունքային գործոնը։ Այս առումով միանգամայն առեղծվածային ու անհասկանալի զարգացումներ են Արցախում։ Ոչ ոք չգիտի, թե որքանով են ընդհանրապես ընտրությունները հնարավոր, թե որոնք են իրական խոչընդոտները։

Օրերս այդ խնդրին անդրադարձել է Արցախի «Արդարություն» կուսակցությունը (այն ասոցացվում է Անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Վիտալի Բալասանյանի անվան հետ)։ Օգոստոսի 4-ին տարածած հայտարարության մեջ կուսակցությունն ընդգծում է. «Եթե մենք ինքնակամ հրաժարվում ենք ընտրություններ անցկացնելու որոշումից, մենք հրաժարվում ենք մեր ինքնիշխանությունից: Հետևաբար, անհրաժեշտ է արագ հայտարարել ՏԻՄ ընտրությունների անցկացման մասին և հնարավորինս շուտ անցկացնել դրանք՝ պատրաստ լինելով դիմագրավելու արտաքին խոչընդոտներին»:

Կուսակցությունը նաև անհրաժեշտ է համարում սկսել սահմանադրական փոփոխությունների գործընթաց և նոր սահմանադրության ընդունումից հետո

մեկ տարվա ընթացքում անցկացնել խորհրդարանական և ապա նախագահական ընտրություններ:

Անկախ այս կուսակցության և նրա հետ ասոցացված գործչի նկատմամբ վերաբերմունքի՝ այս հայտարարությունն ավելի մոտ է քաղաքական օրակարգի ձևավորմանը։