Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը կա՞ այլընտրանք

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Հայաստանում բուռն քննարկումներ են ընթանում Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության ապագայի վերաբերյալ: Հաճախ է խոսվում նաև խաղաղապահ առաքելության կազմը փոխելու կամ այլ երկրների զինծառայողներով այն համալրելու մասին: Խաղաղապահ առաքելության կազմի բազմազանեցումը տեսական առումով իրոք բխում է Հայաստանի ու Արցախի շահերից, քանի որ դա կարող է նվազեցնել հայկական կողմերի կախվածությունը Ռուսաստանից և հավելյալ անվտանգային երաշխիքներ ստեղծել Արցախի ժողովրդի համար: Սակայն այս հարցում առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչքանով է իրատեսական այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը Արցախում:

Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը առարկայորեն քննարկվում էր 1990-ականների սկբզից: 1994-ին ԵԱՀԽ (ԵԱՀԿ) Բուդապեշտի գագաթնաժողովում որոշում էր կայացվել ստեղծել Բարձր մակարդակի պլանավորման խումբ (ԲՄՊԽ), որի գործառույթների մեջ պիտի մտնեին հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության տեղակայման նախապատրաստական աշխատանքները: 1994-1995 թվականներին ԲՄՊԽ-ի մեջ ներառված էր 35 ռազմական փորձագետ, սակայն հետագա տարիներին բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատճառով այդ թիվը կրճատվեց: Այժմ ԲՄՊԽ-ի կազմի մեջ ընդգրկված է ինը ռազմական փորձագետ: ԲՄՊԽ-ն ԵԱՀԿ մշտական խորհրդին պարբերաբար ներկայացնում էր խաղաղապահ առաքելությունների հնարավոր տարբերակների ու այդ առաքելությունների ծախսերի վերաբերյալ զեկույցներ:

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը 1990-ական թվականների սկզբից եղել է Ռուսաստանի առաջնային նպատակներից մեկը մեր տարածաշրջանում: Մոսկվան այդ քայլով ցանկանում էր ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում և վերահսկողության հավելյալ լծակներ ձեռք բերել Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ: Այս նպատակին Կրեմլը առաջին անգամ փորձեց հասնել կողմերի միջև 1994-ին ստորագրված զինադադարի համաձայնագրից անմիջապես հետո, սակայն հաջողության չհասավ:

Հետագա տարիների ընթացքում միջնորդ երկրների միջև ձեռք էր բերվել ոչ ֆորմալ համաձայնություն, որ խաղաղապահ առաքելության կազմի մեջ չպետք է ընգրկված լինեն ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ո՛չ էլ Ադրբեջանի ու Հայաստանի հարևան երկրների զինված ստորաբաժանումներ: Այս սկզբունքի առկայությունը 2018-ին ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) վերլուծական կենտրոնի կազմակերպած պանելային քննարկմանը («Սառեցված հակամարտությունները և Կրեմլի օրակարգը» (”Frozen conflicts and the Kremlin’s agenda”) հաստատեց Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ուորլիքը նշում էր, սակայն, որ համանախագահների միջև ջենթլմենական այդ համաձայնագիրը երբևէ տեղ չի գտել որևէ փաստաթղթում: Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության տեսակի և կազմի վերաբերյալ վերջին առարկայական քննարկումները տեղի էին ունեցել տասը տարի առաջ:

Այունաամենայիվ, այդ ոչ ֆորմալ պայմանավորվածությունները չէին համապատասխանում գետնի վրա առկա իրավիճակին: Մոսկվան եղել ու շարունակում է մնալ միակ խաղացողը, որը Լեռնային Ղարաբաղում լիարժեք խաղաղապահ առաքելություն իրականացնելու ցանկություն ու կարողություններ ունի: Այս իրողությունը գոյություն ուներ նույնիսկ 1990-ականների սկզբին, երբ ԱՄՆ-ն ու հավաքական Արևմուտքը գտնվում էին իրենց գերակայության գագաթնակետի շրջանում, իսկ Ռուսաստանը ապրում էր իր նորագույն պատմության ամենաճգնաժամային տարիները:

Դրա մասին, մասնավորապես, վկայում է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի գրադարանի՝ 2020-ին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հրապարակած գաղտնազերծված փաստաթուղթը: Այդ փաստաթղթում, ի շարս այլ գաղտնազերծված դիվանագիտական հեռագրերի, կա նաև Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կազմած մի հեռագիր, որը մանրամասներ է ներկայացնում ԱՄՆ Պետդեպի՝ նորանկախ պետություններում տարածաշրջանային հիմնախնդիրների համակարգող Ջոզեֆ Փրեսելի և Ռուսաստանի սահմանապահ զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Նիկոլաևի հանդիպումից, որը տեղի էր ունեցել 1994-ի մայիսի 20-ին:

Հանդիպման ընթացքում ամերիկացի և ռուս պաշտոնյաները քննարկում էին Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության մանդատին և կազմին առնչվող հարցեր: Փրեսելը պնդում էր, որ խաղաղապահ առաքելությունը պետք է իրականացվի ԵԱՀԽ հովանու ներքո, սակայն նշում էր, որ ԵԱՀԽ-ն կարող է միայն 70 դիտորդ ուղարկել հակամարտության գոտի մեկ շաբաթվա ընթացքում: Նիկոլաևը իր հերթին համոզմունք էր հայտնում, որ հակամարտության գոտում անհրաժեշտ են ոչ թե դիտորդներ, այլ զինված ստորաբաժանումներ, որոնք կարող են կողմերի միջև բաժանարար ուժ լինել: Նիկոլաևը նշում էր, որ միայն Ռուսաստանը ունի այդպիսի ուժ տեղակայելու կարողություն` ավելացնելով, որ ԵԱՀԽ դիտորդները կարող են մտնել հակամարտության գոտի ռուսական զորքի տեղակայումից հետո:

Արցախում խաղաղապահ առաքելության կազմի հետ կապված իրավիճակը ավելի միանշանակ էր դարձել հատկապես վերջին տասնամյակի ընթացքում: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան աստիճանաբար Ռուսաստանին զիջել էին առաջնորդությունը բանակցային գործընթացում և միայն պասիվ աջակցություն էին հայտնում վերջինիս միջնորդական ջանքերին: Այս գործընթացը համահունչ էր նաև ԱՄՆ արտաքին քաղաքանության մեջ տեղի ունեցող ավելի մեծ փոփոխություններին ու միտումներին, որոնցով ողջ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանն էր կորցնում կարևորությունը, քանի որ Վաշինգտոնը իր ռեսուրսները մոբիլիզացնում էր Չինաստանի հետ դիմակայության համար:

Ինչպես ծնվեց «Լավրովի պլանը»

Ռուսաստանն իր հերթին, ստանձնելով այդ մենաշնորհային դերը, ձեռնամուխ էր եղել իր ռազմավարական նպատակները կյանքի կոչելուն: 2014-ի ուկրաինական ճգնաժամից հետո Մոսկվան այլևս շահագրգռված չէր Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոյի պահպանմամբ և սկսել էր ավելի նախաձեռնողական քաղաքականություն վարել այդ ուղղությամբ: 2015-ին բանակցային սեղանին դրվել էր կարգավորման ռուսական պլանը, որը հայտնի է «Լավրովի պլան» անվանմամբ: Կարգավորման այդ ծրագիրը կողմերին է ներկայացվել նաև 2016-ի ապրիլյան բախումներից հետո, ինչպես նաև 2019-ին: «Լավրովի պլանի» առանցքային կետերից մեկը հենց ռուս խաղաղապահների տեղակայումն էր Ղարաբաղյան հակամարտության գոտում: Այդ ողջ ընթացքում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ոչ միայն չէին ընդդիմանում ռուսական պլանին, այլև կողմերին պարբերաբար կոչ էին անում բովանդակային բանակցություններ սկսել սեղանին դրված փաստաթղթի շուրջ:

44-օրյա պատերազմի արդյունքում փաստացիորեն տեղի ունեցավ այն, ինչ նախատեսվում էր կարգավորման ռուսական ծրագրով` հայկական կողմերի համար ավելի վատթար պայմաններով (Ադրբեջանի կողմից Շուշիի, Հադրութի շրջանի և նախկին ԼՂԻՄ-ի մի շարք այլ բնակավայրերի զավթումով): Ռուսաստանը երկարամյա ջանքերից հետո կարողացավ Լեռնային Ղարաբաղում տեղակայել խաղաղապահ առաքելություն, որը հակամարտության գոտում հարաբերական կայունության ու խաղաղության միակ երաշխիքն է դարձել:

Այս նոր պայմաններում Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելության կազմը փոխելու կամ բազմազանեցնելու իրատեսական հնարավորություններ գոյություն չունեն: Լիբերալ աշխարհակարգի ճգնաժամի արդյունքում զգալիորեն նվազել է միջազգային կազմակերպությունների դերն ու ազդեցությունը: Բայդենի վարչակազմը թեկուզ և հռետորաբանության մակարդակում հայտարարում է Թրամփի իզոլյացիոնիստական քաղաքականության ավարտի ու ԱՄՆ-ի վերադարձի մասին, սակայն գործնականորեն Վաշինգտոնը շարունակում է բոլոր ջանքերը կենտրոնացնել Չինաստանին զսպող ռազմավարության ու դաշինքի ստեղծման վրա: Արևմուտքի այլ ուժային կենտրոնները ընդունում են Ռուսաստանի ռազմական գերակայությունը Հարավային Կովկասում և փորձում են այս տարածաշրջանում աշխատել դիվանագիտական ու տնտեսական գործիքակազմերի միջոցով: Առավելագույնը, ինչին կարելի է հասնել այս իրավիճակում, Արցախում միջազգային ոչ ռազմական ներկայության ընդլայնումն է:

Մեկնաբանել