«Հայաստան» դաշինքը կալանավորված պատգամավորների հարցով կդիմի ՍԴ

«Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան կներկայացնի դիմում ԱԺ «Հայաստան» խմբակցության կլալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի հարցով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Եթե ոչ այսօր, ապա վաղը այդ հարցով Սահմանադրական դատարան դիմում է ներկայացվելու: Դիմումն արդեն պատրաստ է՝ պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ»,- ասել է Վարդևանյանը:

Նա կոչ է արել որևէ վայրկյան չկասկածել, որ իրենց գործընկերների կալանավորումը վերացվելու է, և նրանք լինելու են ազատության մեջ:

Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության ցուցակով պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Սիսիան համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության ցուցակով պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):