Ջրի ճգնաժամ՝ Ստեփանակերտում․ որո՞նք են պատճառները

Մի քանի օր է, ինչ Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրներ են ծագել։

«Խնդիրը առաջացել է օգոստոսի 6-ին երեկոյան, գիշերը կարգավորել ենք, բայց հաջորդ օրը չենք կարողացել, անհնար էր, օգոստոսի 7-ի օրվա երկրորդ կեսին արդեն խնդիր կար քաղաքում»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Արցախի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Պողոսյանը։

Ինչ վերաբերում է խնդրի կարգավորմանը՝ Պողոսյանը դժվարացավ ժամկետներ նշել։ Նա խնդրի երկու պատճառ նշեց՝ օդերևութաբանական պայմաններն ու Ստեփանակերտի բնակչության քանակը․ «Ջրմուղ-կոյուղի» ընկերության հետ կապված խնդիր չկա, այլ բնության՝ տարերային աղետ է։ Այս 10-15 տարիների ընթացքում երբևիցե նման տապ չի եղել։ Բացի այդ, պատերազմի պատճառով երբևիցե նման քանակի բնակչություն Ստեփանակերտում չի եղել»։

Ընկերության տնօրենը մեկ անգամ ևս շեշտեց, որ մեխանիկական որևէ խնդիր չկա․ «Ոչ պոմպ է փչացել, ոչ էներգիայի խնդիր կա, ոչ էլ խոողովակ է փչացել։ Պարզապես մեր հավաքած ջուրը չի հերիքում բնակչությանը։ Սա է միակ խնդիրը։ Ստեփանակերտի մոտավորապես 30 տոկոսը այս պահին ջրազրկված է»։

Օգոստոսի 9-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։

«Քննարկվել է հիմնականում բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ քաղաք մտնող ջրի ծավալների կտրուկ կրճատման հետևանքով առաջացած իրավիճակը։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ։ Ամփոփելով խորհրդակցությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ բնակչության համար կենսական կարևորություն ներկայացնող ջրի խնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ է կիրառել համակարգված մոտեցումներ։ Խորհրդակցությանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք»,- ասվում է հաղորդագրության հետ։

Օգոստոսի 6-ին հաղորդագրություն էր տարածել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանը․ «Ջրի պաշարները սուղ են, մինչդեռ մեր այն քաղաքացիները, որոնք բնակվում են ցածրադիր գոտիներում և ում հասանելի է խմելու ջուրը, անխնա և հաճախ ոչ նպատակային օգտագործում են այն: Խնդրում ենք, հնարավորինս խնայողաբար օգտագործեք ջուրը, հիշեք՝ հազարավոր մեր համաքաղաքացիներ զրկված են կենսատու հեղուկից…»։

Հայկ Ղազարյան

Մեկնաբանել