Ավագանու անդամի վրա հարձակումը տեղի է ունեցել նրա գործունեության պատճառով․ Մարության

Օգոստոսի 10-ին Երևանի ավագանու հերթական նիստին քաղաքապետ Հայկ Մարությանը նախքան օրակարգին անցնելն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի նկատմամբ կատարված մահափորձին։

«Դիմակավոր մարդիկ ներխուժել են բնակարան, միանգամից ծեծի են ենթարկել Անտոնյանին և 11 անգամ դանակով հարվածել են։ Երեկ նա տեղափոխվել է պալատ, ամեն ինչ նորմալ է ընթանում և դինամիկան դրական է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Մարությանը։

Նա իրավապահ մարմիններից ու դատական համակարգից ակնկալում է «խստագույն պատիժ իրենց անձնական գործերն առաջ տանող անձանց նկատմամբ»։

«Արդեն պարզ է, որ հարձակումը տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության պատճառով՝ նպատակ ունենալով ինչ-ինչ հարցեր լուծել սեփական շահի համար, այնինչ, ավագանու անդամը բոլոր առաջարկներն արել է ի շահ համայնքի»,- շեշտեց քաղաքապետը։

Արման Անտոնյանը հարձակման է ենթարկվել օգոստոսի 1-ին։ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել՝ կասկածներ հայտնելով, որ հարձակումը կապ ունի ավագանու անդամի գործունեության հետ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել