Արցախում դադարեցվել է միակ արևային կայանի կառուցումը

Արցախում դադարեցվել է միակ արևային կայանի կառուցումը․ մարտի 1-ին ուժը կորցրած է ճանաչվել «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրված «Հաթերք Սոլար» էներգիայի արտադրության լիցենզիայի գործողությունը՝ հաշվի առնելով ընկերության հայտը։

Պատերազմից առաջ հիդրոէներգետիկայից բացի Արցախում փորձում էին էներգիա արտադրել նաև այլ եղանակներով․ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն կառուցում էր արևային էլեկտրակայան, որի նախատեսված դրվածքային հզորությունը 1,089 մեգավատտ էր, իսկ միջին տարեկան արտադրությունը՝ 1,8 մլն կՎտ/ժ։ Այն պիտի գործեր Մարտակերտի շրջանի Հաթերքի համայնքում։ Սակայն, ինչպես տեղեկանում ենք Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կայքից, մարտի 1-ին ուժը կորցրած է ճանաչվել «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրված «Հաթերք Սոլար» էներգիայի արտադրության լիցենզիայի գործողությունը՝ հաշվի առնելով ընկերության հայտը։

Արցախում սա միակ կառուցվող արևային կայանն էր։ Ո՞րն է «Արցախ ՀԷԿ»-ի նման որոշում կայացնելու պատճառը։

«Հաթերք Սոլար» արևային կայանի շինարարական աշխատանքների դադարեցման որոշումը ընդունել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդը՝ ելնելով պատերազմի հետևանքով ընկերության կրած մեծ նյութական և ֆինանսական վնասներից», – ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ընկերության ֆինանսական տնօրեն Ժան Հովհաննիսյանը։

Ըստ տնօրենի՝ տեղում շինարարական աշխատանքներ չեն իրականացրել, քանի որ այդ աշխատանքները պետք էր կատարել սարքավորումների մոնտաժմանը զուգահեռ․ «2020 թվականի ապրիլին պատվիրել ենք կայանի սարքավորումները: Սարքավորումների մի մասը արդեն պատրաստ էին, սպասում էինք երկրորդ կեսին, որ տեղափոխեինք Արցախ»։

«Արցախ ՀԷԿ» ընկերությունը նոր արևային կայանի կառուցման ծրագիր չունի։ «Ֆինանսական վիճակը պետք է մի քիչ կայունանա, որ մտածենք նոր ծրագրերի մասին»,- ասում է Ժան Հովհաննիսյանը։

Հանձնաժողովը «Արցախ ՀԷԿ»-ին «Հաթերք Սոլարի» համար արտադրության լիզենզիա է տվել 2020 թվկանին՝ մինչև 2041։

«Արցախ ՀԷԿ»-ը ներկայում շահագործում է 5 հէկ․ 3 հէկ՝ «Մատաղիս 1», «Մատաղիս 2» և «Լև 2» կորցրել է պատերազմի հետևանքով (վերջինը՝ նոյեմբերի 10-ի համաձայնագրի արդյուքնում)։ Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ այսօր նրա հիմնական ակտիվը Սարսանգ ջրամբարի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանն է՝ 50 մեգավատտ դրվածքային հզորությամբ:

Հայկ Ղազարյան