Կենտրոնով քայլել չի լինում, ամեն քայլափոխի մի խաղալիք է ոտքներիդ տակ ընկնում. ավագանու անդամ

Երևանի կենտրոնում շրջիկ առևտուրը սկսել է ակտիվանալ։ Այս մասին ավագանու հերթական նիստին բարձրաձայնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ նշելով, որ հաստատված իրավական սահմանափակումներ չեն կիրառվում։

«Մարդ չի կարողանում Կենտրոնով, Հյուսիսային պողոտայով անցնել, որ գլխին մի փայլուն բան չընկնի, ամեն քայլափոխին մի խաղալիք է ոտքներիդ տակ ընկնում։ Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ չի կատարում իր պարտականությունները։ Չեմ խոսում սննդամթերքի վաճառքի մասին, որ կրկին ամենուրեք է, այն էլ այս շոգին»,- ասաց Աբգարյանը՝ հավելելով, որ իրավիճակը շտկելու փոխարեն քաղաքապետարանը տուգանում է կրպակներում վաճառք իրականացնող տնտեսվարողներին, որոնք համաձակվել են իրենց խանութի դիմաց մի արկղ միրգ դնել. «Սա այն դեպքում, երբ երկու քայլ այն կողմ մի ուրիշ մարդիկ մայթի վրա վաճառում են միրգ։ Այդ մարդկանց թողնում են, որ վաճառի, իսկ տնտեսվարողին, որը հարկեր է մուծում ու բարեկարգում տարածքը, տուգանում։ Արդյոք սա արդա՞ր է»,- նշեց ավագանու անդամը։

Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշխատակազմին հանձնարարեց նիստից հետո Աբգարյանի բարձրացրած հարցերի պատասխանը տալ։

Անդրադառնալով խնդրին՝ նա ասաց. «Իմ կողմից հանձնարական է եղել, ու Օպերայի տարածքը մաքրվել է, այնտեղ անհասկանալի տարբեր բաներ կային, բայց միևնույն ժամանակ վերջերս ստացել եմ լուսանկարներ, Հանրապետության հրապարակի մասին է խոսքը, որոնք ինձ չգոհացրին»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել