Ազգային ժողովի նոր «թատերաշրջանը»․ Լրացույց

Անցած շաբաթասկզբին մեկնարկեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքում կազմավորված 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը, իշխող կուսակցությունից ընտրվեցին Ազգային ժողովի նախագահը և երկու փոխնախագահները, իսկ երբ բանը հասավ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված երրորդ փոխնախագահի ընտրությանը, գործընթացը փակուղի մտավ։

Քանի որ Ազգային ժողովի երկու ընդդիմադիր ուժերի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների քվեները միասին բավարար չէին ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրված և «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին ընտրելու համար, իշխանական ուժը խոստացավ ապահովել փակ գաղտնի քվեարկության համար «անհրաժեշտ ձայների նվազագույն քանակը»։

Չնայած «Քաղաքացիական պայմանագրի» այս խոստմանը, օգոստոսի 5-ին կայացած առաջին քվեարկությանը Սաղաթելյանը չընտրվեց․ որոշիչ եղավ անվավեր ճանաչված 1 քվեն։ Ընդդիմությունը երկրորդ անգամ առաջադրեց վերջինիս թեկնածությունը։ Իշխող ուժը կրկին խոստացավ ապահովել անհրաժեշտ թվով ձայներ։ Նույն օրը կայացած երկրորդ քվեարկությանը Սաղաթելյանը կրկին չընտրվեց՝ այս անգամ էլ չհերիքեց անվավեր ճանաչված 5 քվե։

Երրորդ անգամ ԱԺ փոխնախագահ առաջադրված Իշխան Սաղաթելյանն ի վերջո ընտրվեց հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ին։

Այս անիմաստ թվացող քաշքշուկի ֆոնին քաղաքական գործիչները, նրանց հետևից էլ լրագրողներն ու ֆեյսբուքյան վերլուծաբանները տարաբնույթ թեզեր առաջ քաշեցին, որոնք գրեթե անհնար է ստուգել, քանի որ քվեարկությունը փակ և գաղտնի էր։

Իշխանական ուժը պնդում էր, թե ընդդիմությունը միասնական չէ, այդ իսկ պատճառով Սաղաթելյանի ընտրությունը չի կայանում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդեց, թե իրենց խմբակցությունը այնպիսի մասնակցություն է ունեցել, որ ապահովեր ընդդիմության միասնական թեկնածուի ընտրությունը, սակայն ընդդիմադիր գործընկերների ոչ ամբողջական մասնակցության պատճառով քվեարկությունը ձախողվել է: Նմանատիպ պնդում արեց նաև իշխող խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ հայտարարելով, թե «Հայաստան» դաշինքի պատգամավորներից մեկը չի մասնակցել քվեարկությանը։ «Քաղաքացիական պայմանագիրն» անգամ առաջարկեց, որ ընդդիմությունը չքվեարկի, իրենք էլ ապահովեն Սաղաթելյանի ընտրությունը։

Ընդդիմադիրներն էլ սկսեցին խոսել այն մասին, թե իշխող ուժը «թատրոնի» է վերածում ընտրությունները և փորձում է «կոտրել» Սաղաթելյանին՝ ստիպելով «քվե մուրալ»։

Տեղի ունեցածի ֆոնին սոցցանցերում տարածվում էին մեկնաբանություններ, թե Ազգային ժողովն անիմաստ կառույց է և թե պատգամավորները հարկատուների հաշվին «կրկես» են խաղում։

Ազգային ժողովի փոխնախագահների թեկնածությունների քննարկումները ուղեկցվում էին փոխադարձ մեղադրանքներով։ Այդ քննարկումներից ուշագրավ էր, թերևս, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմեն Ռուստամյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի բանավեճը՝ ղարաբաղյան վերջին երկու պատերազմների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի շուրջ։

«Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Ապրիլյան պատերազմը էս պատերազմից տարբերվումա մի կարևոր հանգամանքով, որ էդ ժամանակ ամբողջ աշխարհը դատապարտեց Ադրբեջանի հարձակումը, իսկ էս պատերազմի ժամանակ դատապարտում չի եղել»։

Ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը պնդեց․ «Եթե իսկապես այդպես լիներ, ապա 44-օրյա պատերազմը սկսելուց առաջ Ադրբեջանը գոնե մեկ անգամ ավելի կմտածեր, Թուրքիան էլ կմտածեր՝ Ադրբեջանին օգնություն տրամադրե՞լ, թե՞ չտրամադրել»։

Իհարկե, նմանօրինակ քննարկումների դեպքում ճշմարտությանը հասնելու համար պետք է համակողմանի և լուրջ ուսումնասիրություններ անցկացնել, մինչդեռ այս բանավեճը հիմնականում ավարտվեց յուրաքանչյուր կողմին ձեռնտու թեզերի շրջանառմամբ և դրանց շահարկումներով։

Լուրջ ուսումնասիրություններ է պետք անցկացնել նաև անցյալ տարվա 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի իշխանությունների և պաշտպանության նախարարության տեղեկատվական ռազմավարության թեմայով։ Այդ օրերին, հիշեցնենք, հասարակությունն ապրում էր #հաղթելուենք և #գյոռբագյոռ կարգախոսների ներքո՝ հետևելով պաշտոնական լրահոսին և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ամենօրյա ելույթներին, բոլորն ապրում էին հավատով, որ հայկական կողմը հաղթում է և հասարակության համար ուղղակի անակնկալ դարձավ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագիրը։

Անցած ամիսներին շատերը մեղադրեցին Հովհաննիսյանին, որի ցանկացած խոսքի ու ժեստի սպասում էին անհամբերությամբ, և որի գրառումները կայծակնային արագությամբ հավանում և տարածում էին պատերազմական օրերին։

Պաշտպանության նախարարության արդեն նախկին ներկայացուցիչ և նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը օգոստոսի 7-ին սկսեց իր վաղուց խոստացած հաղորդումների շարքը, որով պիտի ներկայացներ 44-օրյա պատերազմի և պարտության պատճառների իր վերլուծությունը։

Առաջին հաղորդումը ավելի շատ հենց իր՝ Արծրուն Հովհաննիսյանի և պատերազմական օրերին իրականացված տեղեկատվական ռազմավարության մասին ստացվեց։ Արձագանքելով բազմաթիվ մեղադրանքներին՝ Հովհաննիսյանը պնդեց, որ ինքը մինչև վերջին պահը հավատացել է հաղթանակին և անկեղծ է եղել, երբ ասել է՝ #հաղթելուենք։ Հետո նաև խոստովանեց՝ պատերազմի օրերին ամբողջ ճշմարտությունը չի ասել հանրությանը՝ որպեսզի չհուսալքի բանակին։

Իհարկե, արդար չէ, որ պատերազմական շրջանի պետական ապատեղեկատվության համար ողջ մեղքն այսօր փորձում են բարդել Հովհանննիսյանի գլխին, սակայն բազմաթիվ հարցեր բաց են մնում՝ արդյոք հայկական կողմի մոբիլիզացիան հենց այդ ապատեղեկատվության պատճառո՞վ չտապալվեց և արդյոք տիրապետելով ճիշտ տեղեկատվությանը՝ երկիրը ավելի լավ չէ՞ր պատրաստվի տարածքային կորուստներին և հետպատերազմյան զարգացումներին։

Հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված մեկ այլ թեզ, որ ակտիվորեն շրջանառվում է այս օրերին, վերաբերում է Ոսկեպարում ռուսական ուժերի տեղակայմանը։

Օրերս Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքի տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ։ Ոսկեպարցիներն անհանգստացած են, ասում են՝ ռուս սահմանապահները խաղաղություն պահպանելո՞ւ, թե՞ հողերը հանձնելու համար են տեղակայվել։

Նմանատիպ մեկնաբանություններով նաև գրառումներ և վերլուծություններ են հրապարակվում, մասնավորապես՝ քաղաքագետ Արա Պապյանն է այդ մասին խոսել։

Մինչդեռ իշխանությունները հերքում են այս լուրերը։ «Ռուս սահմանապահների տեղակայումը Ոսկեպարում որևէ կապ չունի որևէ բան հանձնելու հետ», – «Ազատության» հետ զրույցում պնդել է Ազգային ժողովի նորընտիր փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Մինչև հայաստանյան հասարակությունը գուշակում է, թե ում է պետք հավատալ և ինչ նպատակով է շրջանառվում անկլավները հանձնելու թեզը, ադրբեջանական քարոզչությունը ժամանակ չի կորցնում, ադրբեջանական կողմում շարունակաբառ շրջանառվում է այն թեզը, թե հայկական կողմը դիտմամբ բախումներ է հրահրում, Ադրբեջանի լոբբիստները ուշադրություն են հրավիրում հայ-իրանական հարաբերությունների վրա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ֆոնին։

Այս շաբաթ վերջապես հաստատվեցին ամիսներ շարունակ շրջանառվող լուրերն այն մասին, որ կրթության նախկին փոխնախարար, այնուհետև իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվելու է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Politik.am-ը այս մասին իր լուրը վերնագրել է՝ «Սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը կնշանակվի ԵՊՀ ռեկտորի ԺՊ», իսկ Yerevan.Today-ը ավելի հեռուն է գնացել՝ «Եթե օտարն իշխանությունն է զավթում, թուրքը՝ երկիրը, ԵՊՀ-ն ինչո՞ւ Սորոսը չզավթի» վերտառությամբ իր հոդվածում նշելով, թե ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը «ինտենսիվ մշակում է անցել արևմտյան զանազան կենտրոններում»։ Ընդդիմադիր մամուլում նաև շրջանառվում է այն թեզը, թե Հովհաննես Հովհաննիսյանը քարոզչական աշխատանքներ է իրականացրել հայկական ավանդական արժեքների և եկեղեցու դեմ, ընդ որում արևմտյան հիմնադրամների ֆինանսավորմամբ»:

Վերջինս իսկապես մասնակցել է ամերիկյան ԱՄՆ Պետդեպարտամենտի «Ֆուլբրայթ» և JFDP կրթական ծրագրերին, ինչպես նաև որպես Սորոսի հիմնադրամ հայտնի Բաց հասարակության հիմնադրամներից դրամաշնորհներ է ստացել 2013 թվականին «Գերեզմանոցներ, դիակիզարաններ թե այլ լուծումներ» և «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երտասարդ սերնդի վրա» թեմաներով հետազոտություններ անցկացնելու համար։

Մնում է հասկանալ՝ արդյոք 8 տարի առաջ գրանտային ծրագրով երկու հետազոտություն հեղինակելը բավարար է, որպեսզի համարենք, որ Երևանի պետական համալսարանը տրվում է ամերիկացի միլիարդատեր Ջորդ Սորոսին, որը հավանաբար նույնիսկ տեղյակ չէ, որ նման համալսարան գոյություն ունի։

Մեկնաբանել