Տարածաշրջանային ապաշրջափակման հանձնաժողովի աշխատանքները վերսկսվել են

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներն այսօր վերսկսել են տարածաշրջանային ապաշրջափակման համար ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները։

Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի` 2021-ի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից ՍիվիլՆեթին հայտնել էին, որ այդ ձևաչափով վերջին քննարկումը եղել է 2021-ի ապրիլին, իսկ աշխատանքները դադարել են մայիսից՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության պատճառով։

Եռակողմ հանձնաժողովը ստեղծվել է հունվարի 11-ի՝ ​​Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հայտարարության հիման վրա։ Հայտարարությունը սահմանում էր, որ «Աշխատանքային խումբը մինչև 2021-ի մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց»: Այս կետով սահմանված ժամկետը, սակայն, խախտվել է։

Մեկնաբանել