Հարկատուների հաշվին ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին կտրամադրվի 16,9 մլն դրամ

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին կառավարության այսօրվա որոշմամբ պետք է առաջիկա ինն ամսում հատկացնել շուրջ 16,9 մլն դրամ։ Այս որոշումը գործադիրը հերթական նիստին ընդունեց չզեկուցվող հարցերի շարքում։

Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2021-ի հունիսի 11-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը և պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին Ալվինա Գյուլումյանին 2018-2020-ի ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական շուրջ 602 հազար դրամի չափով:

«Նշված ժամանակահատվածի համար վճարման ենթակա գումարը կազմում է շուրջ 16,9 մլն դրամ: ՀՀ պետական բյուջեով ՀՀ սահմանադրական դատարանին հատկացված միջոցների հաշվին նշված գումարի վճարումը կատարելու անհնարինության պատճառով, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը դիմել է ՀՀ վարչապետին` նշված գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնելու նպատակով»,- ասվում է նախագծում։

12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ նախկին երեք դատավորները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանն Ազգային ժողովի ընդունած օրենքով թոշակի ուղարկվեցին 2020-ի կեսերին։ Հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ «Իմ քայլը» խմբակցությունն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Մինչ այդ, իշխող ուժը տարբեր փորձեր էր կատարել, իրենց բնորոշմամբ, «սահմանադրական ճգնաժամը լուծելու համար», որը ենթադրում էր ՍԴ մի քանի դատավորների աշխատանքից ազատում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել