Դատավորների զտում, լրագրողների նկատմամբ սահմանափակումներ, Մարտի 1-ի գործեր․ Անդրեասյանի ճեպազրույցը

«Մենք բոլորս խոսում ենք դատական համակարգը մաքրելու, զտելու մասին և այսօր միակ գործող իրական մեխանիզմը կարգապահական պատասխանատվության միջոցներն են, դա օրինական է, արդար է, ճիշտ է»․ օգոստոսի 12-ին կայացած ճեպազրույցում ասաց արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը։

«Ես կարծում եմ, որ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են և դրանցով ստացված արդար պատասխանատվության միջոցները առանձին, ոչ բարեխիղճ դատավորների նկատմամբ քիչ են եղել, բայց պարոն Բադասյանի աշխատանքի շնորհիվ դատական համակարգի զտումը սկսվել է։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ վաղը ես հանդիպելու եմ ՀԿ-ների ամենաազդեցիկ ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են հենց դատաիրավական բարեփոխումների ոլորտով, նաև հանդիպել եմ Բարձրագույն դատական խորհրդի, իրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչներին, մենք քննարկում ենք, որ ստանանք ամենաարդար և լավ մոդելը վատ դատավորներին համակարգից դուրս մղելու համար»,- նշեց Անդրեասյանը։

Խոսելով լրագրողների նկատմամբ սահմանափակումների մասին՝ Անդրեասյանն ասաց․

«Ամենակարևորը, ուզում եմ բոլոր լրագրողներին հայտնել, որ երբ ես ժամանակին ասել եմ կոռումպացված դատավորների մասին, դա չի նաշանակել, որ բոլոր դատավորները կոռումպացված են, երբ որ ես խոսել եմ նախորդ անգամ, որ նույնիսկ լրագրողի դիմակի անվան տակ կարող է ներթափանցել ահաբեկիչ, դա նշանակում է, որ ես ոչ թե ասում եմ ահաբեկիչներ կան լրագրողների մեջ, ես խոսել եմ անվտանգության խնդիրների մասին, ինձ հարցնում են՝ ինչո՞ւ է սահմանափակվում լրագրողի տեղաշարժը, չէ՞ որ լրագրողը այնպիսի մասնագիտության կրող է, որ ակնհայտ է՝ նրանից վտանգ չի գալիս։ Ես ընդամենը փորձել եմ բացատրել, որ անվտանգության սպառնալիքի կամ նման տեղեկատվության դեպքում ցանկացածի տեղաշարժը՝ նախարարից մինչև լրագրող, բժշկից մինչև հավաքարար, կարող է սահմանափակվել։ Ավելին ասեմ՝ այսօր ես որպես նախարար մտնում եմ հատուկ պահպանվող տարածքներ այնպիսի զննությամբ, որ ժամանակին որևէ նախարար չի անցել, և դա անվտանգության այն կանոններն են, որոնք մենք հարգում ենք։ Մեր տեղաշարժը ու շարժը որոշակիորեն սահմանափակված են»։

Շարունակելով դատավորների զտման թեման՝ Անդրեասյանը վիճակագրություն բերեց․ Մարտի 1-ի դատեր վարած 24 դատավորից՝ Վճռաբեկից մինչև առաջին ատյան, համակարգում մնացել է ընդամենը 12-ը։

«Այսինքն տեղի է ունեցել տարօրինակ զտում, ազատում են դատավորներին, ովքեր կասկածելի վճիռներ են կայացրել Մարտի 1-ի գործերով։ Դուք կարող եք տեսնել, որ ինքնաբերաբար որոշակի զտում է տեղի ունեցել։ Մեր օրենսդրությունը ինձ թույլ է տալիս հետ գնալ 8 տարով և վերջին 8 տարվա սխալների, խախտումների վերաբերյալ վարույթներ հարուցել»,- ասաց արդարադատության նախարարը։

Լիա Ավագյան

Մեկնաբանել