Ադրբեջանական իշխանությունները բանակցություններ են վարում Իսրայելի հետ 2 մլրդ դոլարի սպառազինություններ գնելու շուրջ, հայտնում է իսրայելական Israel Hayom թերթը:
Մատնանշվում է երկու հիմնական գործոն, որոնցով պայմանավորված՝ Բաքուն փորձում է բանակը համալրել իսրայելական սպառազինությամբ։
Առաջինը վերաբերում է Հայաստանի հետ սահմանին հաճախակի դարձած փոխհրաձգություններին, որոնք կարող են վերաճել Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի։ Երկրորդը՝ անցած պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումն է։
Ադրբեջանում արդեն կան իսրայելական պաշտպանական ընկերությունների զարգացման կենտրոններ։ Իսրայելական ընկերությունները բոլոր ոլորտներում ՝ անվտանգությունից մինչև գյուղատնտեսություն, զգալի մասնակցություն են ունենում Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքներին։
Նշվում է, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է դեսպանություն բացել Իսրայելում։
***
Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2016-2020 թվականներին Ադրբեջանն իր զենքի 69 տոկոսը գնել է Իսրայելից, 17 տոկոսը՝ Ռուսաստանից։
SIPRI-ն հաշվել է, որ 2016-2020 թվականներին Իսրայելի սպառազինությունների ընդհանուր արտահանման 17 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին։
Դեռ 2016-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկիրը Իսրայելից գնել է 5 մլրդ դոլարի զենք։