Արցախի ճանաչման համար արդար ընտրությունները բախտորոշ են. «Ազատ դեմոկրատներ»

«Ազատ և թափանցիկ ընտրությունները ժողովրդական իշխանության իրականացման հիմնական միջոցը լինելուց բացի, ապահովում են պետության առաջընթաց զարգացումը և նրանում ժողովրդավարական արժեքների հաստատումն ու պահպանումը:

Ազատ և արդար ընտրությունների կազմակերպումը առավել բախտորոշ է հատկապես միջազգային ճանաչման ձգտող Արցախի համար, որը նաև դրանով միջազգային հանրությանը պետք է ցույց տա ոչ միայն իր ցանկությունը, այլև իր ներուժն ու համամարդկային արժեհամակարգին ինտեգրվելուն և ժամանակակից ազգերի ընտանիքում արժանապատիվ տեղ զբաղեցնելուն ուղղված իր ջանքերը

Գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս իշխանություններին հաջողվել է հասնել նրան, որ բազմաթիվ արատավոր երևույթներ, որոնք տարիներ շարունակ գոյություն ունեն հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, Արցախում բացակայում են, դրանով իսկ ապահովելով նրա ուրույն տեղը տարածաշրջանում:

Ակնհայտ է, որ դեռևս միջազգայնորեն չճանաչված պետությանը հաջողվել է անել այն, ինչին հետխորհրդային մի շարք պետություններ դեռ ձգտում են: Միաժամանակ պետք է փաստել, որ առկա խնդիրների օրակարգը դեռ սպառված չէ և շատ անելիքներ կան: Մենք լիահույս ենք, որ ԼՂՀ նախագահը՝ սահմանադրորերն լինելով ազատ և արդար ընտրությունների երաշխավորը, կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար, ինչն էլ կարևորագույն ներդրում կլինի ԼՂՀ միջազգային ճանաչման գործում՝ բարձրացնելով ԼՂՀ միջազգային վարկանիշը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, բացառելով որևէ միջամտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերին, վստահ է, որ Արցախի հերոսական ժողովրդին և նախագահին կհաջողվի հաղթահարել այս բախտորոշ մարտահրավերը և հաղթանակած դուրս գալ այս գործընթացից»,- տեղեկանում ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից:

Մեկնաբանել