Արագածոտնի Մելիքգյուղի գրեթե կես դար չվերանորոգված ճանապարհը բարեկարգում են պետական միջոցներով, ու այդ իրադարձությունը հայտնվել է Հ1-ի ուշադրության տեսադաշտում։ Նկարահանող խումբը մեկնել է դեպքի վայր ու «լավագույն պատմություններ» շարքից տեսանյութ է պատրաստել։ Ռեպորտաժը բացվում է գյուղի բնակիչներից մեկի ուղիղ խոսքով․ «Աղջիկ չեն տվել էս համայնքում, թե ճանապարհ չունեք, էլի»։
Կին լրագրողը, նկարագրելով ճանապարհաշինության գործընթացը, ցուցադրում է մի քանի ոգեչշնչված տղամարդու, նաև՝ տրակտոր ու խճաքար, ու ամփոփխում բարի լուրով, որ վերջապես կլուծվի հարևան համայնքներից հարս բերելու հարցը։ Ու նորից նույն բնակիչը նորահարսերի կարոտ հայացքով նշում է․ «Հիմա արդեն [աղջիկ] կտան․․․»։
Փաստորեն, լրագրողն այնքան է կարևորել աղջիկ տալ-առնելու դարակազմիկ հարցը, որ պատմությունը փաթեթավորել է հենց այդ խնդիրը շեշտադրելով՝ բնականաբար չցուցադրելով ու չխոսելով կանանց իրական խնդիրների մասին՝ գյուղական ճանապարհի բացակայության պատճառով։ Չէ, այդ հարցերը շրջանցվել են, կարևորը աղջիկ տալու խնդիրն է, կարծես աղջիկն էլ մի պարկ կարտոֆիլ է, որին պետք է բարեհաջող տալ-առնել, բերել-տանել։
Սա ամենևին պատահական դրսևորում չէ, սա մեր հավաքական մտածելակերպի ու ապրելակերպի մասն է։ Հիշո՞ւմ եք նախահեղափոխական գյուղնախարար Սերգո Կարապետյանին, որն ասում էր, թե․ «․․․կարտոֆիլը աղջկա պես բան է, առաջին ուզողին պիտի տաս»։ Իհարկե, այն ժամանակ դիմադրական ալիք բարձրացավ, կանանց մի խումբ նույնիսկ կարտոֆիլ լցրեց կառավարության շենքի առջև՝ պահանջելով ներողություն խնդրել այդ հայտարարության համար։
Հաճախ ասում են, թե լա՛վ, դա նախկինների ժամանակ էր, հիմա իրավիճակ է փոխվել․․․
Չէ, ոչինչ էլ չի փոխվել, նույնն ենք, նույնը, կանայք ապրանք են, օբյեկտ, ու չնայած 2018-ին փողոցում հիմնականում կանայք էին, որոնք, վստահաբար, իրենց ազատագրման համար ևս պայքարում էին, բայց Հայաստանում իրական արժեքային հեղափոխություն այդպես էլ չեղավ։ Ցեղային պատկերացումները կանանց վերաբերյալ որևէ կերպ չփոխվեցին, իսկ ազգը ցեղից տարբերվում և ազգ է դառնում, երբ մարդուն արժևորում է, մարդու տեղ է դնում, ոչ թե նույնացնում է ապրանքի, իրի և առարկայի հետ։ Իսկ մեր իրականության մեջ կանայք դեռ ինքնուրույն միավոր չեն, նրանց առայժմ բերում-տանում են, իրավունք չունեն գնալ-գալու, թեկուզ վատ ճանապարհ ունեցող գյուղում ապրելու ու կազմակերպելու շարժում՝ հանուն ճանապարհների բարեկարգման։
Նույնիսկ Ազգային ժողովում «հեղափոխական» փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կոչ է անում կին պատգամավորին բացատրել, թե ինչպես պետք է պահել, ու այդ կոչը հիմնականում վերաբերում է խմբակցությունները ղեկավարող տղամարդկանց։
Փաստորեն, Հայաստանում արժեքային մակարդակում ոչինչ չի փոխվել, աղջիկներին ու կանանց իրենց տեղը ցույց տվող, հարս բերող ու տանող հասարակությունը, թեև ունեցել է քաղաքացիական ակտիվության դրսևորումներ, որտեղ, ի դեպ, կանայք մեծամասնություն են կազմել, սակայն դեռ չի հասունացրել կանանց ազատագրման ու իրավունքների ասպարեզում փոփոխություն գրանցելու պահը։
Իրական՝ արժեքային հեղափոխությունը դեռ հեռու է։