Արցախ․ տեղեկատվական պատերազմը շարունակվում է նորովի

Степанакерт Stepanakert Ստեփանակերտ Карабах

Գեղամ Բաղդասարյան

Վերջերս Արցախի Հանրապետության դատախազությանը «Միքս մեդիա» ընկերության ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզել է, որ Ասկերանի շրջանի ուղղությամբ ադրբեջանական կողմից ստացվող ազդանշանը խլացնում է տեղական ռադիոհաճախականությունները: Այս մասին «Ազատ Արցախ» թերթին հայտնել են Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նախաքննության ընթացքում համապատասխան մասնագիտական հիմնարկի մասնագետների կողմից «FM» ռադիոտիրույթի մի շարք հաճախականությունների չափագրման արդյունքում կազմված եզրակացության համաձայն 87-100 ՄՀՑ «FM» տիրույթում առկա է 3 վայրկյան և 7 վայրկյան պարբերականությամբ կրկնվող ազդանշան, որը ստացվում է Ասկերանի շրջանի ուղղությունից` ադրբեջանական կողմից, և խլացնում է տեղական հաճախականությունները՝ այդպիսով խոչընդոտելով դրանց անխափան գործարկումը:

Պարզվել է նաև, որ վերոհիշյալ խափանող ազդանշանը գործարկվում է նոր հաճախականությամբ նաև այն դեպքում, երբ Արցախում համապատասխան ռադիոհաճախականության օգտագործողի կողմից կատարվում է հաճախականության ալիքի փոփոխություն, ինչը հիմք է տալիս արձանագրելու, որ ադբեջանական կողմը նման միջոցներով միտումնավոր փորձում է խոչընդոտել Արցախում հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացումը: Այս մասին Արցախի իրավասու մարմինները տեղեկացրել են նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարությանը:

Բացի այն, որ սա նոր երևույթ է արցախա-ադրբեջանական դիմակայության մեջ, պետք է նաև հստակ փաստել, որ մեզ պարտադրված տեղեկատվական տոտալ պատերազմը շարունակվում է։ Ընդ որում, շարունակվում է նորովի, ու մշտապես պիտի սպասել նոր ու տհաճ անակնկալների։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում մեր մարդկային ու տարածքային ծանր կորուստները թույլ չեն տվել պատշաճ ուշադրություն դարձնել տեղեկատվական պատերազմի հետևանքներին։ Մինչդեռ այս ճակատում ևս Ադրբեջանը մեծ ռեսուրսներ է ներդրել, այստեղ ևս ներգրավել է մասնագետներ Թուրքիայից ու այլ երկրներից, աննախադեպ մեծ վնաս է հասցրել մեզ ու սասանել տեղեկատվական անվտանգության մեր համակարգերը։ Ու շարունակում է դա անել։

Մասնավորապես, 44-օրյա պատերազմի ժամանակ լուրջ հարված է հասցվել Արցախի հեռահաղորդակցության միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ին, ինչի արդյունքում պարբերաբար խափանվում էր հեռախոսակապը, հաղորդագրությունների հնարավորություն չկար, իսկ ինտերնետ-կապը շատ թույլ էր։ Սա հաքերական հարձակման արդյունք էր։ Պատերազմից հետո էլ պարզվել էր, որ խաթարվել էին նաև սերվերների օպերացիոն համակարգերը, ջնջվել էին սերվերների պահուստային պատճենները։

Այս ամենը նշանակում է, որ հակառակորդն, ամենայն հավանականությամբ կարողացել է միանալ արցախյան ցանցին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արթուր Պապյանը «Հետք» առցանց լրատվամիջոցին պարզաբանել է, որ դեռևս այն փուլում, երբ ադրբեջանցիների վերահսկողության տակ էին հայտնվում կապի աշտարակները, մեծ վտանգ կար, որ նրանք կարող էին ներթափանցել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի համակարգեր, գաղտնալսել կամ գողանալ անձնական տվյալներ։ Դրա վկայությունը ադրբեջանցի հաքերներից կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ին ՂՏ-ի բոլոր բաժանորդների հեռախոսահամարների ցանկի հրապարակումն էր։ Անդրադառնալով հակառակորդի հաքերների կողմից ՂՏ-ի սերվերների պահուստային պատճենները ջնջելուն, Պապյանն ասել է, որ եթե ադրբեջանցիները կարողացել են հասնել մինչև այդտեղ, ապա դա կարող էր շատ վատ հետևանքների հանգեցրած լիներ։

Հիմա սրան էլ ավելացել են ռադիոհաճախականությունների խափանման փորձերը։ Կարծում եմ, հաջորդ թիրախը կլինի Արցախի հանրային հեռուստատեսությունը։ Ու սա ամենևին էլ նոր բան չի լինի։

1988-ի համազգային շարժման մեկնարկից հետո Արցախը վերջապես ունեցավ հեռուստատեսություն։ ԼՂԻՄ հեռուստատեսության անդրանիկ ծրագիրը հեռարձակվել է 1988 թվականի հունիսի 1-ին։ Հեռուստատեսությունն ստեղծվել էր ԽՍՀՄ ինքնավար հանրապետություններում և մարզերում տեղական հեռուստատեսությունների ստեղծման ծրագրի շրջանակներում։ Բայց քանի որ հեռուստահաղորդակը գտնվում էր Շուշիում՝ հաղորդումները պարբերաբար խափանվում էին։ Բանը հասնում էր ոչ միայն պարզապես զավեշտի, այլև ֆանտասմագորիայի։ Հաղորդումների ժամանակ մեկ էլ տեսնում էիր, որ Շուշիից եթեր է մտնում հեռուստահաղորդակի աշխատողներից որևէ մեկը և ասում՝ «սուտ եք ասում», և այլն, և այլն։ Ասում ու ժամանակավորապես անհետանում։ Հիշում եմ, 1989-ի ամռանը հեռուստատեսության առաջին տարեդարձին նվիրված հաղորդում-քննարկումը ես էի վարում։ Մասնակիցներով ձգտում էինք «ինքնակոչ գրաքննիչների» համար մեր պատկերացմամբ կասկածելի կարծիքներն ու պնդումներն արագ-արագ ասել, որպեսզի չհասցնեն խափանել կամ «գրաքննել»։

Ցավոք սրտի, հիմա վերադարձել ենք նույն կետին, ուստի չեմ բացառում, որ Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների խափանումը կդառնա ադրբեջանցիների հերթական սադրիչ նպատակը։

Այս ամենը հուշում է, որ տեղեկատվական անվտանգությունը պետք է դառնա Արցախի իշխանությունների հրատապ օրակարգի հարց։ Տարիներ ու տասնամյակներ շարունակ Արցախում շատ է խոսվել ու գրվել տեղեկատվության անվտանգության անմխիթար վիճակի մասին, սակայն երբևէ իշխանությունները լրջորեն չեն զբաղվել այս հարցով։ Տարակուսելի է, որ Արցախի Անվտանգության խորհուրդը երբևէ այդ հարցով ըստ ամենայնի չի զբաղվել։ Հիմա կյանքն է ստիպում դա անել։ Նկատի ունենալով տեղի մասնագետների սակավությունն ու փորձի պակասը, կարծում եմ նպատակահարմար կլինի Հայաստանի ու սփյուռքի փորձառու մասնագետների ներգրավմամբ մշակել տեղեկատվական անվտանգության նոր ու կենսունակ ռազմավարություն։