Հադրութի պաշտպանության օրը՝ 1992-ի օգոստոսի 15. ինչպես փրկվեց քաղաքը

Օգոստոսի 15-ը նշվում է որպես Հադրութի վերածննդի օր: 1992-ին հենց այդ օրը Ադրբեջանի զինված ուժերը գրոհեցին քաղաքի վրա: Դա արցախյան պատերազմի ամենածանր շրջանն էր. Շահումյանի շրջանը ամբողջովին ընկած էր, իսկ հուլիսի 4-ին ադրբեջանցիները գրավել էին նաև Մարտակերտ քաղաքը: Հունիսի 28-ին հայկական կողմը չէր կարողացել պահպանել Հարդութի շրջանի Ցոր գյուղը: Ադրբեջանցիները գրավել էին այն և սպանել 18 խաղաղ բնակչի:

ՍիվիլՆեթը զրուցել է այդ ժամանակվա մարտական գործողությունների մասնակիցների հետ, նաև կապ հաստատել 92-ի հուլիսի 5-ից Հարդութի շրջանի ընդհանուր հրամանատար նշանակված Արթուր Աղաբեկյանի հետ: Վերջինս նպատակահարմար չգտավ հեռախոսով պատմել օգոստոսի 15-ի անցքերը և խորհուրդ տվեց օգտվել 2015-ի ֆեյսբուքյան իր գրառումից:

«Կպատմեմ 1992 թ. օգոստոսի 15-ի իրադարձությունները` ինչքան հիշողությունս կների: Կանխավ խնդրում եմ ներողամիտ լինեն բոլոր նրանք, ում անուն առ անուն չեմ հիշի…. Ես և Արմեն Աբրահամյանը անընդհատ փորձում էինք եղած ռեսուրսներով ճիշտ կազմակերպել Հադրութի պաշտպանությունը: Հերթական քննարկման ժամանակ` օգոստոսի 14-ի երեկոյան, որին մասնակցում էին շրջանի ջոկատների հրամանատարները, ամբողջ գիշեր քննարկելուց և վիճելուց հետո գիշերվա ժամը 4-ին վերջնական համաձայնության եկանք Հադրութի, Էդիլուի, Տողի ձորակի առանձին գումարտակների և Սարինշենի և Հին Թաղեր – Խծաբերդի առանձին վաշտերի կազմավորման հարցում»,- գրում է նա:

Ըստ գրառման՝ խորհրդակցությունը նոր էր ավարտվել, երբ ժամը 4:30 սկսվեց Հադրութի ռմբակոծությունը, իսկ ժամը 5:00-ին արդեն տեղեկություն ունեին, որ ամբողջ առաջնագծի երկայնքով հակառակորդը մոտեցել է դիրքերին. «Ժամը 5:00-ին առաջին հարձակումը եղավ Խուրուհատ բարձունքի` «30»-ի ուղղությամբ, որտեղ մարտական հերթապահության էր աֆղանցիների ջոկատը»:

Հադրութի մարտական գործողությունների մասնակիցների պատմածներում որոշակի հակասություններ կան՝ հրամանատարը մի պատկեր է տեսնում, մարտի անմիջական մասնակիցը՝ այլ: Դեպքերը եղել են 29 տարի առաջ, ու թերևս մարդիկ ամեն ինչ չեն ճշգրիտ հիշում:

Հադրութի պաշտպանության մասնակից Գագիկ Ավանեսյանը 1992-ի օգոստոսյան այս օրվա զարգացումներից հիշում է, որ «Աֆղանցիները» արդեն հերթափոխված էին, երբ սկսվեց հարձակումը «30» դիրքի վրա: Ջոկատին անունն էին տվել, քանի որ դրանում ներգրավված էին հիմնականում Աֆղանստանի պատերազմում կռված հայ զինծառայողները։

Հայկական դիրքերը Հադրութի պաշտպանության ժամանակ

«Ամենաթեժ մարտը եղել է Խուրհատի «30» դիրքում: Սովորաբար հերթափոխված ջոկատները տանն են լինում։ Մեր բախտից զորամասում էին «Աֆղանցիները»։ Ամիսը լրանալուց հետո պիտի գնային Երևան: Ավտոբուսը պատրաստ էր, երբ ադրբեջանցիները հարձակվեցին: Զենքը վերցրին ու բարձրացան դիրքեր: Ուրիշ լինեին, կարող էին նստել ավտոբուսը ու գնալ: Առաջինը հասան «30» դիրքը: Հիմնական հարձակումը այնտեղ է եղել` երկու տանկ և մեկ ՀՄՄ: Հետո փաստաթղթերից իմացել ենք, որ հարձակմանը մասնակցել է Կիրովաբադի գրոհային բրիգադը: «Աֆղանցիները» առաջինն են հասել: Տագնապից հետո տներից դուրս եկանք ու մենք էլ հասանք»,- պատմում է Ավանեսյանը:

Գագիկ Ավանեսյանը

Աղաբեկյանը գրում է, որ մոտ մեկ ժամ մարտնչելուց հետո «Աֆղանցիների ջոկատը» տալով մեկ զոհ և տասնմեկ վիրավոր նահանջեց «30»-ի և Ցորի ճանապարհի արանքում գտնվող «Հեռուստաշտարակ» բարձունքը. «Եվ նրանց հասած առաջին օգնությունը` Կամիսարի ջոկատը, մարտը վերցրեց իր վրա: Նոր տեղեկություն ստացանք, որ ազերիները մտել են Մելիքաշեն գյուղ, գյուղը պահող երկու ջոկատները նահանջել են գյուղի թիկունքի բարձունքները, իսկ Խուրհատի ուղղությամբ «Բերդ» դիրքում և շրջակա բարձունքներում ազերիները արդեն դիրքավորվել են` Հադրութը դնելով կրակի տակ»:

«Բերդի» դիրքապահները մի օր առաջ առանց ոչ մեկին բան ասելու իջել էին Հադրութ: Գիտեինք, թե «Բերդում» մարդիկ կան, երբ Թաղասեռի խումբը ու Խծաբերդի ջոկատը գնացել էին օգնության՝ հայտնվելով շրջափակման մեջ: Այնտեղ մի զոհ տվեցինք՝ Բաբայան Վարդգեսը։ Ադրբեջանցիները նրան վիրավոր էին բռնել, և մի քանի օր անց փոխանակել նրա խոշտանգված մարմինը»,- ասում է Գագիկը Ավանեսյանը:

«Աֆղանացիների» կորուստների մասին նույնը պատմում է Հադրութի պաշտպանական շրջանի հետախոզության պետ Ռոբերտ Համբարձումյանը, սակայն այլ հերթականությամբ. ««Աֆղանցիներին» ուղեկցել եմ բարձունք, մինչև հետ եմ եկել, ջոկատը արդեն շարքից դուրս էր եկել։ Հարձակման օրը Կամիսարի ջոկատի հերթն էր, նրանք էին առաջին դիմավորողը»։

Հադրութի պաշտպանական շրջանի հրամանատարը հիշատակում է հետախուզության պետ Ռոբերտ Համբարձումյանին. ««30»-ի ուղղությամբ ստիպված նոր օգնություն է ուղղարկվում` տեղանքին քաջ ծանոթ Դավիդովի ջոկատը՝ հետախուզության պետի` Լոբիի (Ռոբերտ Համբարձումյան) գլխավորությամբ: Հետագա գործողությունների պատասխանատվությունը այդ ուղղությամբ ընկնում է Լոբիի վրա: Դավիդովի ջոկատը բաժանվում է երկու մասի` մի մասը Լոբիի հետ շարժվում է Կամիսարին օգնության, իսկ մյուս մասը Դավիդովի հրամանատարությամբ զբաղեցնում է Ցորի ճանապարհի դիրքը և շարժվում դեպի «Բերդ»»:

Ռոբերտ Համբարձումյանը

Գագիկ Ավանեսյանը պատմում է, որ Խուրհատում գնտվող «30» դիրքում շատ վիրավոր ենք տվել, երկու հոգի էլ զոհվել են՝ Սերգեյ անունով մի տղա «Աֆղանցիներից» և մեծ թաղլարցի Հայրիյան Համլետը։ Ավանեսյանն ասում է՝ թաղասեռցի Ասադյան Վազգենը նույնպես «Բերդում» է զոհվել. «Այդ օրը գրեթե հնարավոր չէր գլուխ բարձրացնել, ամենուր գնդակներն էին սուլում, սանրելով մոտենում էին: Հասել ենք մինչև հեռուստաշտարակ, նահանջելու տեղ էլ չկար: Կապվել ենք, ասել են՝ օգնություն ենք ուղարկում: Նրանցից մեկը Վարդաշատի խումբն էր, այնտեղ էր նաև Համբարձումյան Սերգեյը, այն ժամանակ 17 տարեկան էր»:

Հադրութի մարտերի մասին պատմում է նաև Սերգեյի Համբարձումյանը, որն այդ ժամանակ 17 տարեկան էր և այդ օրն առաջին անգամ է նռնակ նետել:

Սերգեյ Համբարձումյանը

«Առավոտ 9-ին տագնապ տվեցին ու բերեցին զորամաս, հետո՝ Խուրհատ։ Կամազով եկանք «Բերդի» տակ, սկսեցին կրակել։ Հետո հեռուստաշտարակի դոշով բարձրանում ենք ծառի տակ, որ հասկանանք իրավիճակը։ Հինգ րոպեի ընթացքում հետ բերեցինք բարձունքը։ Այդ ժամանակ իրար դիմաց հայտնվեցինք ու երկուստեք «ուռա» գոռալով՝ սկսեցինք կրակել։ Այնպես ստացվեց, որ տակից մարտ վարելը ավելի հեշտ է դուրս եկավ, մեր բախտը բերեց»:

«Կորցրած դիրքերը վերականգնելու համար Հադրութում ձևավորվեց մարտական խումբ՝ Էրիկի գլխավորությամբ, և օգնություն կանչվեց «Մեծ Թաղերից»: Երկու ջոկատներն էլ շարժվեցին «30»-ի և «Բերդ»-ի ուղղությամբ, իսկ Թաղասեռի դասակը Ռժի Արթուրի հրամանատարությամբ Վանքի «գլխից» շարժվեց դեպի «Բերդ»: Ծանր մարտեր սկսվեցին «30»-ից մինչև «Բերդ» հատվածում, և միայն ժամը 17:00-ին դիրքերը վերականգնվեցին: Հակառակորդը ոչ թե նահանջեց, այլ ջախջախվեց` թողնելով 42 դիակ»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Արթւոր Աղաբեկյանը:

Սերգեյը կիսվում է իր զգացողություններով, թե ինչ ասել է առաջին իրական մարտ, երբ հակառակորդի հետ դեմ-դիմաց ես հայտնվում. «Մարտի ես բռնվում՝ չգիտես որտեղից էներգիա է հորդում մեջդ, ու չես կարողանում կանգնել։ Այդպես հաջողվում է վերև բարձրանալ ու կրակ բացել նահանջող ադրբեջանցիների վրա։ Այդ ամենը հինգ րոպե է տևել։ Եթե օգնության չհասնեինք, տղերքը այդ էներգիան ու ուժը չունեին, որ կարողանային պահել Խուրհատը․ մի մասը վիրավորված, մի մասն էլ ուժասպառ եղած էին»։

Ըստ մեր զրուցակիցների՝ 11-12-ի կողմերը Խուրհատի վրա հարձակումը կասեցված ու դիրքերը վերականգված էին արդեն: Ռոբերտ Համբարձումյանը հաջողությունը բացատրում է հայկական կողմի կտրուկությամբ. «Նրանք չէին պատկերացնի, որ մենք կարող ենք այդքան շուտ հակագրոհի անցնել։ Մեր ամբողջ անձնակազմի առջև այսպիսի խնդիր էր դրված՝ հենց առաջին կրակոցը լսենք, միանգամից պիտի առաջ գնանք, եթե դա տևի 10-15 րոպե, մենք բարձունքը տալու ենք։ Հադրութը փրկելու միակ տարբերակը դա էր»:

Օգոստոսի 15-ին Հադրութի պաշտպանության մարտերում վիրավորվել է 27 և զոհվել չորս հոգի: Արթուր Աղաբեկյանը ներկայացրել է վերջիններիս անունները. Բաբայան Վարդգես (զոհվելու վայրը՝ Խուրհատ), Հայրիյան Համլետ (վիրավորվել է Խուրհատում, մահացել հոսպիտալում), Մելքումյան Էռնեստ (վիրավորվել է Մելիքաշենում, մահացել հոսպիտալում), Պետրոսյան Սերգեյ (Խուրհատ):

Հայկ Ղազարյան