Ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածություն․ ի՞նչ է ցանկանում Բաքուն Մոսկվայից

AGDAM DISTRICT, AZERBAIJAN - JULY 5, 2021: A view of the Russian-Turkish center monitoring the ceasefire in Nagorno-Karabakh. The center was opened on January 30, 2021, following a memorandum signed by the defense ministers of Russia and Turkey on November 11, 2020. Gavriil Grigorov/TASS (Photo by Gavriil GrigorovTASS via Getty Images)

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանի լարվածությունը ավելի երկարաժամկետ միտումների ցուցիչ է։

Վերջին շաբաթվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության գոտում բավականին լուրջ էսկալացիա է արձանագրվել: Ադրբեջանի Զինված ուժերը օգոստոսի 9-ին Շոշ-Մխիթարաշեն հատվածում խախտել են հրադադարի ռեժիմը` կիրառելով հաստոցավոր հակատանկային նռնականետ: Օգոստոսի 11-ին Ադրբեջանը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ օգտագործել է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր: Օգոստոսի 12-ին ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` ադրբեջանական բանակի ստորաբաժանումները փորձել էին հատել շփման գիծը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում, սակայն «Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է»:

Իրավիճակի ապակայունացման ադրբեջանական փորձերի ֆոնին որոշակի լարվածություն է նկատվում նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Այսպես, օգոստոսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որի մեջ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին` պնդելով, որ Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈւ անձնակազմ է տեղակայվում, իսկ շփման գծի տարբեր հատվածներում հայկական նոր մարտական դիրքեր են հիմնվում: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարության մեջ նշում է, որ այդ գործողությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, և ընդծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է կանխել դրանք: Այս հայտարարության մեջ ամենաուշագրավը, սակայն, այն էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն հատուկ շեշտել էր` ռուսական խաղաղապահ առաքելությունը ժամանակավոր է տեղակայված հակամարտության գոտում:

Փոփոխություն է տեղի ունեցել նաև Ռուսաստանի հռետորաբանության մեջ: Օգոստոսի 12-ին ՌԴ պաշտպանության նախարարության կայքում հրապարակվեց ռուս խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ հերթական պաշտոնական տեղեկագիրը, որի մեջ նշված էր, որ Ադրբեջանը օգոստոսի 11-ին խախտել է հրադադարի ռեժիմը` օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքեր: Սա պատերազմի ավարտից հետո առաջին դեպքն էր, երբ Ռուսաստանը հրադադարի խախտման վերաբերյալ հասցեական հայտարարություն է անում:

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության այս փոքր դրվագները երկու երկարաժամկետ միտումի ցուցիչներ են:

  1. Ադրբեջանը փորձելու է օգտագործել ու շահարկել Արցախում ռուս խաղաղապահ առաքելության տեղակայման և դրա մանդատի հարցը Ռուսաստանից զիջումներ կորզելու, ինչպես նաև իր համար անցանկալի գործընթացները վիժեցնելու համար:
  2. Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարությունը ռուս խաղաղապահ առաքելության դուրսմղումն է հակամարտության գոտուց` վերջինիս ապալեգիտիմացման, այն որպես օկուպացիոն ուժ ներկայացնելու միջոցով:

Այս միտումները նկատելի են Բաքվի քայլերի մեջ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Ադրբեջանը մինչ այսօր չի ստորագրել ռուս խաղաղապահ առաքելության մանդատը, որը հստակ կսահմաներ առաքելության գործառույթներն ու լիազորությունները, դրա պատասխանատվության աստիճանն ու շրջանակը: Ադրբեջանը օգտագործում է մանդատի շուրջ բանակցությունները Ռուսաստանից նորանոր զիջումներ կորզելու համար: Այսպես, ինչպես նշվում է Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցում, 2020-ի դեկտեմբերին Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին էր ներկայացրել խաղաղապահ առաքելության գործառույթներն ու պարտականությունները սահմանող փաստաթղթի նախագիծ, սակայն Բաքուն նախագիծը հետ էր վերադարձրել, պահանջելով, որ ռուս խաղաղապահները սկսեն անձնագրային հսկողություն իրականացնել Լաչինի միջանցքում: Ամենայն հավանականությամբ, օտարերկյա քաղաքացիների մուտքի արգելքը ԼՂՀ տարածք, որը փաստացիորեն գոյություն ունի 2021-ի սկզբից, ևս խաղաղապահ առաքելության մանդատի շուրջ ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունք են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերոնշյալ հայտարարությունը վստահաբար Ռուսաստանի նկատմամաբ ճնշում գործադրելու փորձ է: Հետպատերազմյան փուլում Կրեմլի համար առաջնահերթություն է Հարավային Կովկասում իր ազդեցության պահպանումը: Այդ նպատակին հասնելու համար Մոսկվան ցանկանում է Ադրբեջանին ներգրավել իր ինտեգրացիոն գործընթացների մեջ` բավականին մեղմ քաղաքականություն վարելով վերջինիս նկատմամբ: Բաքուն իր հերթին օգտագործում է իր տրամադրության տակ գտնվող ողջ գործիքակազմը Ռուսաստանից զիջումներ կորզելու ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ եռակողմ ձևաչափով տեղի ունեցող այլ գործընթացներում:

Երկրորդ երկարաժամկետ միտումը մինչ այժմ ավելի շատ էր քողարկված Բաքվի գործողությունների մեջ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության այն շեշտադրումը, որ ռուս խաղաղապահ առաքելությունը հակամարտության գոտում ժամանակավոր է տեղակայված, առաջին դեպքն է, երբ Ադրբեջանը բացեիբաց խոսում է ռազմավարական իր այս նպատակի մասին: Այսպիսի հայտարարությունները Բաքվի համար տեղեկատվական հիմք են նախապատրաստում ապագայում ռուս խաղաղապահ առաքելության դեմ ավելի լուրջ արշավներ սկսելու համար: Ադրբեջանը արդեն իսկ օգտագործում է իր արևմտյան լոբբիստներին խաղաղապահների հարցում իրեն ձեռնտու պատումներ տարածելու համար:

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շաբաթվա այս լարվածությունը հնարավորություն է տալիս հասկանալ, թե մեր տարածաշրջանում իարադարձությունները ինչպիսի զարգացում կարող են ունենալ մոտակա տարիների ընթացքում: Այս փուլում սրանք դեռևս փոքր դրվագներ են, որոնք պատճառ չեն դառնալու ավելի լայնածավալ գործըթացներում լուրջ փոփոխությունների համար: Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում գոյություն ունեն մի շարք խորքային խնդիրներ, որոնք վաղ թե ուշ ջրի երես են դուրս գալու և հնարավորությունների պատուհան են բացելու Հայաստանի համար: