Հեղափոխության ավարտը․ իշխանությունը սկսում է նմանվել նրանց, ում տապալել է

Հայաստանի այսօրվա կառավարող թիմն իշխանությունը ստանձնելիս ամեն կերպ պնդում էր, որ լինելու է բաց ու թափանցիկ։ Սկզբնական շրջանում այդպես էր։ Խորհրդանշական քայլ արվեց` ԱԺ-ի և նախագահականի դարպասները բացվեցին հանրության առաջ։ Կարճ ժամանակ անց փոխվեց ամեն բան։ Հիմա դրանք զոդված են։ Սա, իհարկե, կհիմնավորեն նոյեմբերի 9-10-ի իրադարձություններով, երբ բազմությունը ներխուժեց կառավարության և ԱԺ-ի շենքեր՝ ջարդուփշուր անելով գույքը ու դաժան ծեծի ենթարկելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

Մի կողմից հասկանալի փաստարկ է, բայց նաև հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս պետք է արձագանքեր մինչև նոյեմբերի 9-ը «հաղթելու ենք» պաշտոնական քարոզչությունից ստի մեծ դոզա ստացած ու հանկարծ կապիտուլյացիայի մասին իմացած հանրությունը։

Հանրությանը «պատժում» են նոր սահմանափակումներով, իսկ պետական այրերին ի՞նչ պատիժ է հասնելու, հասարակությանը կեղծիքով կերակրողներն առհասարակ պատասխանատվության ենթարկվելո՞ւ են։ Ցավալի է, բայց պատասխանատվության ինստիտուտը խարխլվել է, իսկ իշխանության գործողությունները սկսում են մոտենալ՝ «յուրայիններին կարելի է ամեն ինչ, մյուսներին` միայն օրենք» ավտորիտար համակարգերին բնորոշ կառավարման այլասերված սկզբունքին։

Մյուս կողմից, թափանցիկ աշխատանքի ջատագով իշխանությունը ցանկանում է փակել պետական գնումների մասին տեղեկատվությունը, կատարում է կոռուպցիայի տեսանկյունից շատ ռիսկային մեկ անձից ահռելի քանակությամբ գնումներ, ամեն կերպ պաշտպանվում հայհոյանքից` քրեականացնելով դրա պատասխանատվությունն ու, վերջապես, որոշել է սահմանափակել լրագրողների գործունեությունն ԱԺ-ում` հիշելով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին։

Աներկբա է, որ պետական պահպանության տակ գտնվող Ազգային ժողովի շենքում պետք է գործեն անվտանգության խիստ կանոններ, սակայն անհասկանալի է այդ կանոններով «ստուգված» լրագրողների աշխատանքի սահամնափակումն ԱԺ տարածքում:

Ազգային ժողովը հանրային ինստիտուտ է, ոչ թե պատգավորների մասնավոր տարածքը: Այնտեղ աշխատող պատգամավորներն էլ վարձատրվում են հանրության միջոցներից, ուստի նրանց գործունեությունը պետք է լինի առավելագույնս թափանցիկ ու լուսաբանման համար հասանելի: Որևէ մեկը նրանց չի ստիպել դառնալ պատգամավոր, ուստի պարգամավորների, հանրային ու քաղաքական գործիչների նկատմամբ գործում են խաղի այլ կանոններ: Դրա մասին են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ, որտեղ ասվում է քննադատության սահմանափակումն ավելի լայն է կիրառվում քաղաքական գործչի նկատմամբ, որը գործում է իր հրապարակային դաշտում։ Այլ կերպ ասած, երբ մարդը որոշում է քաղաքական գործունեությամբ զբաղվել, երկու կամ երեք անգամ ավելի հանդուրժող պետք է լինի սուր քննադատության նկատմամբ, որը նրան անգամ կարող է թվալ զրպարտություն կամ վիրավորանք, ոչ թե պաշտպանվի դրանից քրեական պատասխանատվության մահակով:

Արդեն որերորդ անգամ է, տարբեր տրամաչափի պաշտոնյաներ համեմատականներ են անում որոշ լրագրողների ու ահաբեկիչների միջև։

Այստեղ ևս հեգնանք կա։ Հաճախ նման սահմանափակումներին կողմ են արտահայտվում «այսօրվաններից» (տերմինի հեղինակը մեր լրագրող գործընկերներից Արամ Աբրահամյանն է) նրանք, որոնք ժամանակին ազատության առաջամարտիկ էին ներկայանում։ Նրանցից մեկն անգամ տարիներ առաջ լրագրող աշխատելիս, օգտագործելով «արտոնյալ» կարգավիճակը, քաղաքական ակցիա էր իրականացրել ԱԺ դահլիճում։ Այս տողերի հեղինակն էլ այդ ակցիան քննադատել է։

Արձանագրենք` Հայաստանի «ամենասուվերենիստ» իշխանության օրոք երկրի ինքնիշխանության պաշտպանության փոխարեն տիտանական ջանքեր են գործադրվում իշխանության պաշտպանության համար։

Թափանցիկ աշխատանքի երբեմնի ջատագով իշխանությունն ավելի ու ավելի է փակվում հասարակությունից։ Ազատությունների սահմանափակումներով հնարավոր չէ հասնել անվտանգության ամրապնդմանը։ Իշխանությունն այսպես սլանում է «ժողովրդավարությունն ընդդեմ անվտանգության» կեղծ թեզի թակարդը: Խստացվում է պետական պահպանության օբյեկտների, օրինակ՝ Ազգային ժողովի պաշտպանությունը։ Արդյոք նույն ջանասիրությամբ վերազինվո՞ւմ է բանակն ու խստացվում սահմանի հսկողությունը։ Ցավոք, այդ վստահությունը չկա։

Հ.Գ. Սա ինչ է, եթե ոչ թափանցիկություն ու ինքնիշխանության ամրապնդում խոստացող հեղափոխության ավարտը։

Տե՛ս նաև իմ նախորդ սյունակը՝ Հայաստանի մաշվող ինքնիշխանությունը

Մեկնաբանել