Աֆղանստանի շուրջ․ ի՞նչ պետք է նկատի ունենա Հայաստանը

2020 թ. փետրվարի 29-ին Դոհայում ԱՄՆ – Տալիբան համաձայնագրի ստորագրումից հետո բոլորն էլ սպասում էին, որ ինչ-որ մի օր տալիբներն Աֆղանստանում նորից իշխանության կգան։ Նախագահ Բայդենի կողմից ամերիկյան զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույցի ֆիքսումից հետո փորձագիտական շրջանակներն սկսեցին կանխատեսումներ անել տալիբների կողմից Քաբուլի գրավման ժամկետների վերաբերյալ՝ մինչև 2022 թ. ամառ, մինչև 2021 թ. դեկտեմբերի վերջ։ Արդեն 2021 թ. օգոստոսի 11-ին ամերիկյան հետախուզության հրապարակած գնահատականով տալիբները Քաբուլում կարող էին հայտնվել 60-ից 90 օրվա ընթացքում։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 15-ին, գերազանցեց բոլոր սպասումները։ Աֆղանստանի նախագահը կնոջ և երկու օգնականների հետ լքեց երկիրը, իսկ երեկոյան մայրաքաղաքն արդեն տալիբների վերահսկողության ներքո էր։

Օգոստոսի 16-ին համացանցում տարածվեցին Քաբուլի օդանավակայանում տիրող քաոսը պատկերող տեսանյութեր. հազարավոր աֆղանցիներ բառիս բուն իմաստով կախվում էին օդանավակայանից թռչող ամերիկյան ռազմական ինքնաթիռների անիվներից՝ այդ ճանապարհով փորձելով փախչել երկրից։

Շուրջ քսան տարի ամերիկացիների կողմից ֆինանսավորված և վերապատրաստված աֆղանական բանակի և անվտանգային ծառայությունների շեշտակի փլուզումը լուրջ իմիջային հարված է ԱՄՆ-ի միջազգային հեղինակությանը։ ԱՄՆ-ի համար, թերևս ավելի բացասական զարգացում է սեփական դաշնակիցներին բախտի քմահաճույքին թողնելու որոշումը։ Հարյուր հազարավոր աֆղանցիներ քսան տարի շարունակ ծառայել են ամերիկացիներին, և հիմա սարսափով սպասում են տալիբների վրեժխնդրությանը։

Փորձագիտական շրջանակներում ակտիվ զուգահեռներ են տարվում 1975 թ. Սայգոնի [երբ ԱՄՆ-ը հեռանում էր Վիետնամից] և 2021 թ. Քաբուլի իրավիճակների միջև։ Հատկապես երրորդ աշխարհի պետություններում շատերը հիմա ավելի թերահավատորեն կվերաբերեն ամերիկացիների տված անվտանգային երաշխիքներին՝ շատ լավ հասկանալով, որ ցանկացած պահի վերջիններս կարող են հեռանալ՝ առանց մտածելու իրենց դաշնակիցների հետագա ճակատագրի մասին։

Տալիբների իշխանության գալու վտանգները

Աֆղանստանում տալիբների իշխանության գալը լուրջ խնդիրներ է ստեղծում տարածաշրջանում։ Առաջին հերթին մտահոգվելու պատճառներ ունեն Աֆղանստանին սահմանակից պետությունները՝ Տաջիկստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Իրանը։ Կենտրոնական Ասիայի պետությունները կանգնած են իսլամական արմատականության և ահաբեկչության ներթափանցման վտանգի առջև, իսկ Տաջիկստանում դեռ թարմ են 1990-ականների քաղաքացիական պատերազմի մասին հիշողությունները։ Սուննի իսլամի արմատական ուղղություն դավանող տալիբների իշխանության գալը խնդրահարույց է նաև Իրանի համար՝ Սաուդյան Արաբիայի հետ վերջինիս ռազմավարական հակադրության հաշվառմամբ։ Վերջին տարիներին հատկապես ամերիկյան վերլուծական շրջանակներում մեծ քանակությամբ նյութեր էին հրապարակվում տալիբներին Իրանի ցուցաբերած աջակցության մասին՝ որպես Իրանի հակաամերիկյան քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Սակայն նույնիսկ եթե այդ հրապարակումների մի մասը մոտ է իրականությանը, հասկանալի է, որ տալիբների կողմից Աֆղանստանում իշխանության զավթումը Իրանի համար խնդրահարույց է։

Բավականաչափ բարդ է գնահատել Պակիստան – տալիբներ հարաբերությունների հեռանկարները։ 1990-ականներին Պակիստանի հատուկ ծառայությունները մեծ դեր են խաղացել տալիբների ձևավորման, ֆինանսավորման և Աֆղանստանում իշխանությունը զավթելու գործընթացում։ 2001 թ. Աֆղանստան ԱՄՆ ներխուժումից հետո տալիբները Աֆղանստանի հետ սահմանակից Պակիստանի փուշտունաբնակ շրջաններում բազմաթիվ հենակետեր էին ստեղծել, որոնք օգտագործում էին Աֆղանստանում հարձակումներ կազմակերպելու համար։ Միևնույն ժամանակ, 2000-ականներին Պակիստանում ստեղծվեց «Պակիստանի տալիբան» շարժումը, որը 2007-2014 թթ. բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ է կազմակերպել Պակիստանում։ Այս շարժման շատ ներկայացուցիչներ վերջին տարիներին ապաստան են գտել Աֆղանստանի տալիբների մոտ։ Պակիստանին մտահոգում է նաև այդ երկրում բնակվող փուշտունների շրջանում ազգայնականության աճը, որը կարող է վտանգներ ստեղծել Պակիստանի տարածքային ամբողջականության համար։

Ամեն դեպքում, Պակիստանի ռազմական և անվտանգային կառույցները մեղադրում էին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին Հնդկաստանի հետ սերտ հարաբերություններ պահպանելու և Աֆղանստանում Պակիստանի շահերի դեմ գործելու մեջ, և հետևաբար, նրանք ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում տալիբների կողմից իշխանության զավթմանը։

Հայաստանի համար հնարավոր հետևանքները

Ինչ հետևանքներ կարող են ունենալ Աֆղանստանում ծավալվող իրադարձությունները Հայաստանի համար։ Մի շարք փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ Ռուսաստանը հարկադրված կլինի իր ռեսուրսների մի մասը Հարավային Կովկասից տեղափոխել Կենտրոնական Ասիա, ինչը հնարավորություն կտա Թուրքիային մեծացնել իր ազդեցությունը մեր տարածաշրջանում ի վնաս Հայաստանի և Արցախի։ Սակայն նման պնդումներ անելու օբյեկտիվ հիմքեր չկան։ Ռուսաստանն ունի բավարար ռեսուրսներ Կենտրոնական Ասիայում սեփական ներկայության ուժեղացման համար առանց Հարավային Կովկասում ազդեցության նվազեցման։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը պատրաստվում է կիրառել նաև ՀԱՊԿ-ի մեխանիզմները, և Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում մշակի այս խնդրում՝ հաշվի առնելով նաև 2021 թ. մայիսի 12-ից հետո հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի ստանձնած մոտեցումները։

Վերջին շրջանում Թուրքիա – Պակիստան համագործակցության ինտենսիվ ծավալման միտումների հաշվառմամբ, տալիբների իշանության գալը կարող է անուղղակիորեն նպաստել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճին։ Պակիստանի միջոցով տալիբների նկատմամբ որոշակի լծակների ձեռքբերումը կարող է նպաստել Թուրքիայի ռազմավարական ներուժի աճին, ինչն ինքնին Հայաստանի համար սպառնալիք է՝ հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական քաղաքականությունը։

Մեկնաբանել