Գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք, մահացել է 11 մարդ

Հայաստանում օգոստոսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 269 մարդ, գրանցվել է 11 մահվան դեպք:

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, օգոստոսի 17-ին կատարվել է 6 584 թեստավորում, որից դրական է ախտորոշվել 5,4 տոկոսը:

Մինչ օրս Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 235 171 դեպք, որոնցից 223 070-ն` առողջացած, 4 713-ը` մահվան ելքով:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 250 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 446 731 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 138 է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 220 236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144 573, երկրորդ դեղաչափ` 75 663։ Ըստ այդմ, ՀՀ բնակչության շուրջ 2,6 տոկոսն է անցել COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստում: Այդ ցուցանիշով Հայաստանը վերջին տեղում է Հարավային Կովկասի երկրների շարքում:

Միևնույն ժամանակ այլ է իրավիճակը կորոնավիրուսային վարակի տարածվածության մասշտաբով:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 235 171 դեպքով։ Վրաստանը գտնվում է 52-րդ տեղում՝ 484 254 դեպքով, Ադրբեջանը 62-րդ տեղում է՝ 369 853 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 096 816 դեպքով, Իրանը 11-րդ տեղում է՝ 4 467 015 դեպքով:

Մեկնաբանել