Ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետերը

Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում օգոստոսի 17-ին ձերբակալվել են Գորիսի երկու փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նա տեղեկացրեց, որ փողքաղաքապետերը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով․ «Նրանցից Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով»,- նշեց Թադևոսյանը։ Այլ մանրամասներ Քննչական կոմիտեից դեռևս չեն հայտնում։

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածն առնչվում է յուրացման և վատնման դեպքերին, իսկ առաջադրված մեղադրանն առանձնապես խոշոր չափերով յուրացմանն ու վատնմանը։ Այն պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Մենա Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է մեկ այլ հոդվածով՝ 149․1-ով, որն առնչվում է նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու, ինչպես նաև քարոզչություն կատարելուն խոչընդոտելու դեպքերին։ Պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:

Գևորգ Թոսունյան