Սահմանային իրավիճակի շուրջ ԱԺ-ի փակ քննարկումը տեղի կունենա օգոստոսի 18-ին

Ազգային ժողովում վաղը՝ օգոստոսի 18-ին, նախատեսվում է պատգամավորների քննարկումը սահմանային իրավիճակի պատասխանատուների հետ։ Այսօր խորհրդարանի արտահերթ նիստին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ նման առաջարկ էր արել «Հայաստան» խմբակցությունը․ «Ելնելով Հայաստանի սահմանային իրավիճակի լարվածությունից՝ առաջարկում ենք այսօր երկու ընթերցումների արանքում փակ կամ այլ ձևաչափով քննարկում կազմակերպել պատասխանատուների հետ ու մեր հասարակության, ժողովրդի մտահոգությունները փարատենք»,- ասել էր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Քիչ առաջ նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահին հիշեցրեց քննարկման անցկացման անհրաժեշտության մասին, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ այն կանցկացվի վաղը. «Ձեր առաջարկն ընդունվել է, ըստ ամենայնի վաղը այն տեղի կունենա։ Պարզապես, այսօր տեխնիկապես էլ էր անհնար ժամանակային առումով որևէ քննարկում կազմակերպել»,- ասաց Սիմոնյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հավելեց, որ քննարկումը փակ է լինելու։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել