«Էրեբունի-Երևանի» տոնակատարության գումարները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները չեն անցկացվի, հայտնում է քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երևան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև՝ Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։ Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և 90-ամյա հոբելյանը նշող Երևանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին»,- գրել է Կարապետյանը։

***

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը և «Ապրելու Արցախ» հիմնադրամը համատեղ իրականացնում են «100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Բնակարանները կառուցվելու են Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ:

Ավելի մանրամասն՝ այստեղ։

2019 թ. Էրեբունի-Երևանի 2801-ամյակի տոնակատարությունների համար նախատեսվել էր ծախսել շուրջ 150 մլն դրամ։ 2018-ի միջոցառումների համար բյուջով նախատեսվել էր ավելի քան 800 մլն դրամ էր, որից ծախսվել էր 507 միլիոնը։