Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափ հասել է Հայաստան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ՝ 100 հազար հոգու համար։

«Կարևորելով կորոնավիրուսից պաշտպանված լինելու մեր քաղաքացիների իրավունքը՝ բանակցությունների շնորհիվ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ։ Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափը նախատեսված է 100 հազար հոգու համար։

Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։

Օգտվեք առողջ լինելու Ձեր իրավունքից, պետությունը անվճար հիմունքներով բոլորի համար ապահովում է պատվաստանյութ, որը մեզ կպաշտպանի COVID-19-ի ծանր ընթացքից և մահվան ելքերից»,- գրել է Ավանեսյանը։

Հուլիսի վերջին հաղորդվել էր, որ Հայաստանը ձեռք է բերում նաև գերմանական Pfizer պատվաստանյութ։

Օգոստոսի 15-ի դրությամբ՝ Հայաստանում կատարվել է 220 236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144 573, երկրորդ դեղաչափ` 75 663։

Մեկնաբանել