Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք և 3 մահ

Coronavirus

Հայաստանում օգոստոսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 504 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են 157 պացիենտի առողջացման և 3 մահվան դեպքի մասին:

Նշվում է, որ մեկ օրում կատարվել է 7 219 թեստավորում, որից դրական է ախտորոշվել 6,9 տոկոսը:

Մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 675 դեպք, որոնցից 223 227-ն` առողջացած, 4716-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6593 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 453 950 թեստավորում:

«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1139 է», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 220 236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144 573, երկրորդ դեղաչափ` 75 663։ Ըստ այդմ, ՀՀ բնակչության շուրջ 2,6 տոկոսն է անցել COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստում: Այդ ցուցանիշով Հայաստանը վերջին տեղում է Հարավային Կովկասի երկրների շարքում:

Միևնույն ժամանակ այլ է իրավիճակը կորոնավիրուսային վարակի տարածվածության մասշտաբով:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 235 675 դեպքով։ Վրաստանը գտնվում է 52-րդ տեղում՝ 490 462 դեպքով, Ադրբեջանը 62-րդ տեղում է՝ 373 175 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 118 508 դեպքով, Իրանը 11-րդ տեղում է՝ 4 517 243 դեպքով:

Մեկնաբանել